
«Արթուր Վանեցյանը չի ձերբակալվելու». ԱԱԾ տնօրենի ԺՊ

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ Ազգային անվտանգությունում Պետական վերահսկողությունն իր հերթական ստուգումներն է կատարում, և այստեղ տարօրինակ որևէ բան չկա:
Հարցին՝ ուսումնասիրությունները ո՞ր ղեկավարի ժամանակահատվածին են վերաբերում՝ Արթուր Վանեցյանի՞, թե՞ դրանից առաջ եղած ղեկավարի, նա պատասխանեց. «Ոչ, այս ամենը Արթուր Վանեցյանի հետ կապված չէ, ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է մեր վերջին երկու տարիների ֆինանսական գործունեությունը»:
Հարցին՝ եթե առաջարկեն զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը, կհամաձայնի՞, Է. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ցանկություն չունի ժամանակից առաջ ընկնել, հատկապես, որ վարչապետի հետ նման որևէ քննարկում չի եղել:
Անդրադառնալով այն լուրերին, թե հնարավոր է՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ձերբակալվի, նա տեղեկացրեց, որ Արթուր Վանեցյանը չի ձերբակալվելու:
«Պետք չէ նման լուրեր տարածել, ո՞վ է այդ լուրերը տարածել, որևէ քննություն չի սկսվել, հերքում եմ»,- եզրափակեց նա:
Զվարթ Խաչատրյան