«Այս տարի մոտավորապես 250 միլիոնից ավելի պահուստ կա». ԿԲ նախագահ
«Մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն, և քանի որ կար արտարժույթի բավականին լուրջ ավելցուկ, հնարավորություն ունեցանք բավականին արտարժույթ գնել, դեռ չենք հասել 500 միլիոնի, բայց մոտավորապես, դրանից մի քիչ պակաս այս տարի գնել ենք, ինչն աննախադեպ է: Ես նաև ասել եմ, որ, երբ կտրուկ դրամի արժևորում էր լինում, մենք նույնիսկ այդ ժամանակ այդքան արտարժույթ չենք գնել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով ԿԲ-ում պահուստներ մասին հարցին:
Ըստ նրա՝ այս ամենի օգուտն այն է, որ դրանով ավելացվում են Հայաստանի արտաքին պահուստները, նախորդ տարվա ինն ամիսների համեմատ՝ այս տարի մոտավորապես 250 միլիոնից ավելի պահուստ կա:
Ուստի այս ամենը հաշվի առնելով՝ Կենտրոնական բանկի նախագահը նշեց՝ կարելի է կանխատեսել, որ տարվա վերջում պահուստները կլինեն ավելի շատ, քան նախորդ տարիներին:
Նրա խոսքով՝ շահավետ է նաև այն, որ, ըստ էության, այդ թվով գումար են ներարկել տնտեսություն՝ տնտեսությունից դոլարը գնելով, ինչը Ա. Ջավադյանը համարում է ԿԲ-ի ընդլայնող քաղաքականության մի մասը:
«Որոշակի այլ փոփոխություններ էլ ենք արել մեր պարտադիր պահուստավորման մասով, որի արյունքում մենք բանկերի միջոցով 300 միլիարդ դրամ ենք ներարկել մեր տնտեսություն: Այս առումով պահուստների առակայությունն ու մեծ չափը բերում են մեր երկրի պոտենցիալի խնդրի լուծմանը, ինչը նշանակում է, որ մեր երկիրն ավելի մեծ պոտենցիալ ունի: Այստեղ ցուցիչներ կան, թե քանի ամսվա իմպորտներ է այն ապահովում: Միջազգային պրակտիկայում ընդունված պետք է լինի երեք ամսվա իմպորտից ավելի, կարծում եմ՝ այս պահին ունենք 5-6 ամսվա իմպորտ ծածկելու հնարավորություն»,- հավելեց Ա. Ջավադյանը:
Զվարթ Խաչատրյան