«Այս պաշտոնյաների հետևից գնալու են, թող վստահ լինեն». Նիկոլ Փաշինյան

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որի արդյունքում շուրջ 200.000 քաղաքացու աշխատավարձ կբարձրանա, բացի այդ՝ մենք կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով։

Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրանից բացի ՝ մենք  2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի միանվագ ծննդյան նպաստը կսահմանենք  300.000 դրամ՝ այս պահին սահմանված 50 և 150.000 դրամի փոխարեն, գործող 18.000 դրամի փոխարեն 2020 թվականին 25.000 դրամ կունենանք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար, ավելացել է արդեն ուսուցիչների աշխատավարձը, որը կշարունակվի նաև 2020 թվականին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև անռատահապների, անտառապետերի, ԱԻՆ աշխատակիցների և ուժային կառույցների աշխատողների համար արդեն 2019 թվականի համար արված բարձրացումները։

Կառավարության ղեկավարը նշեց, որ 2020 թվականի բյուջեի նախագծում նկատելի է որոշակի պահպանողական մոտեցում, սակայն այս տարվա ընդունված միջնաժամկետ ծրագրերի համար արձանագրվել է, որ պետք է անցում կատարենք բարձր տնտեսական ցուցանիշների, որոնք արտացոլված են արդեն 2022 թվականի համար։ Նախատեսում ենք հասնել մինչև 9 տոկոս ցուցանիշի»,- ասաց Փաշինյնաը՝ նշելով, որ այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, իսկ դա կարելի է տեսնել արդեն անզեն աչքով:

«ՀՀ-ում արդեն հսկայական ներդրումներ են կատարվում»,- ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն անդրադարձավ  նաև կապիտալ  ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է նաև կոռուպցիայի դեմ իրենց պայքարով։

«Կապիտալ ծախսերի թերակատարումը կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ. եթե նախկինում ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էին, ապա այսօր այդպիսի երևույթները համընդհանուր չեն, իհարկե, չեմ կարող բացառել, բայց այդպիսի երևույթների մեջ մտած պաշտոնյաները պետք է վստահ լինեն մի բանում. այսօր, վաղը, մյուս շաբաթ կամ մեկ ամսից իրենց հետևից գալու են, որևէ մեկը թող չմտածի, որ կարող է խուսափել այդ պատասխանատվությունից։ Մյուս կարևոր խնդիրն այն է, որ մենք բարձրացնում ենք ստանդարտները, օրինակ, ճանապարհաշինության այն ստանդարտը, որը հաստատված է, ես դրանից գոհ չեմ, թեև ի տարբերություն նախկինի, ես այդ որակից էլ գոհ չեմ, հետևաբար՝ ստանդարտները պետք է բարձրացնենք և դա պետք է անենք բոլոր  ոլորտներում»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս