2020թ. ռազմական ոլորտում ունենք ծախսեր, որոնք այլ տրամաբանությամբ են արվելու. Փաշինյան
2020 թվականի համար պլանավորված է 1 տրիլիոն 602 միլիարդ եկամուտ, իսկ 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ մենք ունենք 27.4 տոկոս աճ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բյուջեի ծախսերի մասով՝ վարչապետը նշեց, որ արձանագրվել է 29.9 տոկոս աճ, իսկ մարդկային կապիտալում ներրդումների ծավալը 2018 թվականի համեմատությամբ Փաշինյանը գնահատեց տպավորիչ, ինչը, ըստ նրա, շատ մեղմ գնահատական է։
«Առողջապահության ոլորտում 2018 թվականի համեմատ ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում՝ 41 տոկոսանոց աճ, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում ունենք 21 տոկոսանոց աճ»,- ասաց Նիկլո Փաշինյանը։
Անդրադառնալով պաշտպանական ծախսերի հետ կապված քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թվականին ռազմական ծախսերի ոլորտում ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու։
«Այդ թեմայի վերաբերյալ նախկինում ես հայտարարություն արել եմ և հույս ունեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները և շոշափելի արդյունքները կմեծացնենք և այդ արդյունքները կուղղվեն ՀՀ պաշտպանության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե 2020 թվականի բյուջեի նախագծում 2018 թվականի համեմատ պլանավորվել է 25.3 տոկոս բյուջետային հատկացումներ ուղղել ընդհանուր պաշտպանությանը։