Ամենազգացմունքային բրենդը, որը դեռ չի ստեղծվել. Braind ընկերության համահիմնադիր Էդուարդ Քանքանյան
«Հաջողակ բրենդ ունենալու համար պետք է միշտ հետադարձ կապ պահել այն լսարանի հետ, ում համար դա արվում է: Պետք է միշտ ուշադիր լսել նրանց ու իրականում ինչ-որ բան անել ոչ թե սեփական հաճույքի համար, այլ հիշել, որ դա արվում է կոնկրետ մարդկանց համար, որոնք ունեն կոնկրետ պահանջներ: Բրենդերի խնդիրն այդ պահանջները մաքսիմալ լրացնելն ու իրենց լսարանի հետ ուժեղ կապ հաստատելն է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով հաջողակ բրենդերի մասին՝ ասաց Braind ընկերության համահիմնադիր Էդուարդ Քանքանյանը:
Հիշեցնենք, որ հենց նրանց էր պատկանում մեկ տարի առաջ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին նվիրած հայտնի գուլպաների գաղափարը:
Բազմաթիվ հաջողակ բիզնեսների բրենդերի հեղինակ Էդուարդ Քանքանյանը համոզված է, որ լավ աշխատանքի համար պետք է ունենալ պրոֆեսիոնալ թիմ:
«Պրոֆեսիոնալ թիմն է, որը կանգնած է ամեն ինչի հետևում: Շատ կարևոր է ունենալ հետազոտություններ, տիրապետել այն բոլոր գործիքներին, որոնց միջոցով կարելի է բրենդը ստեղծել»,- ասաց Էդուարդ Քանքանյանը:
Նա վստահեցնում է՝ բրենդը միայն ընկերության տարբերանշանը չէ: Բրենդն այն զգացմունքներն են, որը մարդ ստանում է այդ բրենդի ապրանքից կամ ծառայությունից օգտվելիս:
«Շատ դեպքերում մենք ընտրում ենք ոչ թե կոնկրետ ապրանք կամ ծառայություն, այլ ընտրում ենք այն էմոցիաները, զգացմունքները, որոնք ստանում ենք այդ ապրանքը օգտագործելիս»,- ասաց Էդուարդ Քանքանյանը:
Նա ասում է՝ իրենց երազանքի բրենդը դեռ չեն ստեղծել, բայց մի բանում վստահ են. դա հաստատ կապված է լինելու Երևանի հետ:
«Մեզ համար շատ հոգեհարազատ կլիներ, եթե ստեղծեինք Հայաստանի կամ Երևան քաղաքի բրենդը»,- ասաց Braind ընկերության համահիմնադիրը:
Էդուարդ Քանքանյանը՝ որպես բրենդ ստեղծող ամենամեծ ընկերություններից մեկի համահիմնադիր, վստահ է, որ լավ բրենդը ստեղծելու համար ամենակարևորը մարդկանց ճանաչելն է:
«Իսկ դրա համար պետք է անընդհատ կարդալ, ճամփորդել, ուսումնասիրել, սեփական անձի զարգացմամբ զբաղվել, որի արդյունքում մենք լինում ենք ավելի հետաքրքիր, ավելի բովանդակալից: Ու դրա արդյունքում կարողանում ենք ավելի լավ բրենդեր ստեղծել մնացած մարդկանց համար»,- ասաց Քանքանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ