«Եթե Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակվելու հարցը դիտարկվի, նախ՝ պետք է բոլոր ցմահ նստածների գործերը վերանայեն». Լարիսա Ալավերդյան
Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը վաղաժամ ազատ արձակվելու դիմում ներկայացնելիս ղեկավարվել է իրավական նորմով։
«Հիշում եմ, որ ժամանակին, երբ պայքարում էինք որոշ ցմահ ազատազրկվածների համար, մեզ ասում էին, որ կան խնդիրներ և այդ խնդիրները կապված են Հոկտեմբերի 27-ի մարդասպանների հետ։ Չգիտեմ՝ Նաիրի Հունանյանին ինչ-որ մեկը հուշե՞լ է, որ գնա այդ քայլին, թե՞ ինքն է, իր մասին շատ մեծ կարծիք ունենալով (ես գիտեմ, որ ինքն իր մասին մեծ կարծիք ունի, որովհետև իր հետ հանդիպել եմ տարիներ առաջ)՝ որոշել այդ դիմումը ներկայացնել։ Կարծում եմ՝ եթե Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակվելու հարցը դիտարկվի, ապա սկզբում պետք է բոլոր ցմահ նստածների գործերը վերանայեն: Մասնավորապես՝ նրանց, որոնք դատապարտվել են մինչև 2003 թվականը, այնուհետև անդրադառնան Ն. Հունանյանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կրում է բացարձակ «ցինիկ և քաղաքական բնույթ», ավելին, բոլոր սպանությունները կատարվել են առանձնահատուկ դաժանությամբ։
«Շատ լավ եմ հիշում այդ օրը, երբ Նաիրի Հունանյանը ոտքերով հարվածում էր կրակոցներից ըստ երևույթին դեռևս չմահացած մարդկանցից մեկին։ Որքանով ես եմ հասկացել՝ Քրեակատարողական հիմնարկի պատասխանատու անձինք գրել են իրենց բացասական կարծիքը»,- հավելեց նա։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Նաիրի Հունանյանը հոգեկան խնդիրներ ունի և գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ որևէ մեկնաբանություն չի կարող անել, քանի դեռ նրա առողջության վերաբերյալ չկա պաշտոնական եզրակացություն։
Հիշեցնենք, որ օրերս «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
Զվարթ Խաչատրյան