Բաժիններ՝

Ի՞նչ պատասխանի Կարապետյանը. չէ՞ որ իր ղեկավարն ու թավշյա հեղափոխականները եղան ողջերին մեռելների շարքին դասելու նախադեպ ստեղծողները

Համացանցում է հայտնվել Գյումրիում տեղադրված մի շիրմաքարի լուսանկար, որի վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարն է՝ «Մեռավ սուտ խոսալով» գրությամբ:

168.am-ը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեց մեկնաբանություն ստանալ հրապարակված լուսանկարի վերաբերյալ։

– Պարո՛ն Կարապետյան, այսօր համացանցում մի անշնորհք բան է հայտնվել. Նիկոլ Փաշինյանի նկարով շիրմաքարի լուսանկար է հրապարակվել՝ վրան գրված՝ «Մեռավ սուտ խոսելով»։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։

Կարդացեք նաև

– Ինչ մեկնաբանեմ, արդեն մեկնաբանությունը տվեցիք։

– Ես որպես լրագրող ասացի, այո՛, անշնորհք բան է, իսկ Ձեզ զանգել եմ, որ Ձեզանից մեկնաբանություն ստանամ՝ որպես վարչապետի խոսնակ։

– Մի անշնորհք բան էլ դուք եք ուզում անել, հա՞։

– Վարչապետի խոսնակին զանգելն ու հրապարակված լուսանկարի վերաբերյալ մեկնաբանություն ստանա՞լն է անշնորհք։

– Ես տեսնում եմ Ձեր վերաբերմունքը, ասում եք անշնորհք բան է եղել և ուզում եք, որ ես այդ անշնորհք բանը մեկնաբանեմ։ Մի երկրորդ անշնորհք բանն էլ Դուք եք ուզում անել, կներեք։ Ձեր զանգն եմ անշնորհք բան համարում. ընդունեք դա որպես մեկնաբանություն։ Խնդրում եմ կգրեք, որ իմ վերաբերմունքը Ձեր զանգին է վերաբերում, հանկարծ չաղավաղեք։

Վլադիմիր Կարապետյանն այլ հարց ուղղելու հնարավորություն չտվեց, անջատեց հեռախոսն ու մի փոքր անց ետ զանգահարեց և խնդրեց իր մեկնաբանությանն ավելացնել. «Դուք հա՛մ լրագրողական էթիկան եք խախտում, հա՛մ գործընկերային»։

Հարցին՝ հիմնավորեք Ձեր ասածը, որտե՞ղ արձանագրեցիք նման խախտում, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց.

«Շնորհակալ եմ շատ զանգի համար»։

Այս հարցուպատասխանի ընթացքում այդպես էլ չհաջողվեց վարչապետի մամուլի խոսնակից լսել պաշտոնական տեսակետ Նիկոլ Փաշինյանի նկարով շիրմաքարի լուսանկարի վերաբերյալ, հասկանալ՝ արդյոք երկրի ղեկավարը ոստիկանությանը կհորդորի՞ հայտնաբերել իր նկարով շիրմաքարը տեղադրողին։

Այո՛, անշնորհք բան է, երբ կենդանի մարդուն մեռած են համարում ու նրա շիրմաքարը կանգնեցնում, այո՛ անշնորհք բան է՝ անկախ նրանից՝ դա արվում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՞ մերժված իշխանության որոշ անդամների նկատմամբ։

Զարմանալի չէ, որ վարչապետի մամուլի խոսնակը պատասխան չուներ. ի՞նչ պատասխանի Կարապետյանը, չէ՞ որ իր ղեկավարն ու նրա ղեկավարած թավշյա հեղափոխականները եղան ողջերին մեռելների շարքին դասելու նախադեպը ստեղծողները։

«Աշոտյան 42.5» «Շարմազանով 42» գրությամբ սև ժապավեններն ու Սերժ Սարգսյանի նկարով  դագաղի 7 պտույտը Գարեգին Նժդեհի արձանի տարածքում ասվածի ապացույցներն են։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս