
«Անբարոյական է այն պաշտոնյան, ով ուսուցչի ու բժշկի աշխատավարձից առաջ կբարձրացնի իր աշխատավարձը». Զարուհի Փոստանջյան

Օրեր առաջ պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսին տված գաղտնի հանձնարարականով կրկնակի բարձրացրել են նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը: Իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանին բարձրացման հիմնավորումները չեն համոզել, ասում է՝ ինքը համաձայն չէ, որ դա կօգնի կոռուպցիայի կանխարգելմանը:
«Այն հիմնավորումը, որ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը պետք է բարձրանա, որ իրենք կոռուպցիայով չզբաղվեն, ինձ չի համոզում: Եթե նայենք պաշտոնյաների կենսագրությունները, կտեսնենք, որ շատերի մոտ սա իրենց առաջին աշխատանքն է, այնպես չէ, որ մեծ վաստակ ունեն, և, որ կոռուպցիայից զերծ մնան, պետք է բարձր աշխատավարձ ստանան»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Իրավապաշտպանի խոսքով, առաջին հերթին պետք է արժանապատիվ աշխատավարձ ապահովել բժիշկների և ուսուցիչների համար:
«Դուք, լինելով աղքատ քաղաքացիների վարչապետ, նախարար և փոխնախարար, այդ ինչպե՞ս եք ձեր աշխատավարձը 1.5 մլն դարձնում, ուսուցչինը թողնում 100-150 հազար դրամ, երբ հենց այդ աշխատավարձով աշխատող մանկավարժները դաստիարակեցին այնպիսի սերունդ, որն ապրիլին կանգնած էր սահմանին: Մեր բժիշկներին ինչքա՞ն աշխատավարձ եք տալիս, չէ՞ որ մենք բոլորս մի ցավի դեպքում իրենց մոտ ենք գնում: Մինչև չբարձրացնեն մեր երկրում ուսուցիչների և բժիշկների աշխատավարձը, եթե մի պաշտոնյա կգա ու կասի, որ պետք է իր աշխատավարձը բարձրացնեն, ապա նա ուղղակի կլինի անբարոյական»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ