Արա Բաբլոյանը դուրս եկավ ՀՔԾ-ից

Արա Բաբլոյանի հարցաքննությունն ավարտվել է: Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին նախագահն ասել է, որ պատասխանել է բոլոր հարցերին:

«Ես իմ կարգավիճակը չգիտեմ էլ, դատապաշտպանիս հարցրեք: Բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ, ինչ արել եմ, արել եմ օրենքի և Սահմանադրության սահմաններում: Շատ բարի տրամադրված եմ: Ես չէի կարող հայտարարել մի բանի մասին, որը չեմ տեսել, հստակ իմ առջև դրված տեսել եմ այդ դիմումը»,- ասաց Արա Բաբլոյանը:

Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնելուց զերծ մնաց՝ հիշեցնելով, որ, եթե նախաքննության փուլում որևէ բան մեկնաբանի, ապա ստիպված կլինի նախաքննական գաղտնիք բացահայտել:

«Այժմ գտնվում ենք նախաքննության փուլում, նախաքննական գաղտնիքի փուլում, թույլ տվեք շատ հարցերի չպատասխանել: Արա Բաբլոյանը կասկածյալի կարգավիճակում է, հարցաքննություն էր այսօր միայն, քննչական գործողություններ են իրականանում: Եկեք որոշակի ժամանակահատված սպասենք, հետո ես կմեկնաբանեմ, այստեղ նաև մասնագիտական հարցեր կան: Ցանկացած հարցի պատասխան այս պահին իմ կողմից կլինի նախաքննական գաղտնիքի որոշակի բացահայտում: Եղել է հարցաքննություն, եղել են քննիչը, պաշտպանը, հարցաքննվողը»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ այսօր ժամը 18:00-ից ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՔԾ-ում հարցաքննվում էին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել առ այն որ նա 2018 թվականին, հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նրան այսօր կալանավորել են:

Գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, նա  դեռ ՀՔԾ-ում է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս