Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի տենդերը խափանելու պատճառով. ՊՆ-ում դեռ չեն մեկնաբանում
Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը, և կխնդրի Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որը վստահեցնում է, թե իր ձեռքի տակ կա համապատասխան փաստաթուղթը:
ՀՀ պաշտպանության նախարարությունից 168.am-ին ասացին, որ թեմային կանդրադառնան ավելի ուշ:
168.am-ն այս առնչությամբ մեկնաբանությունների համար դիմել է նաև «Պրոմտեխնոլոգիա» ընկերությանը և (ORSIS զինագործական ապրանքանիշ) և «Օրսիս Արմս»-ին՝ ակնկալելով սեղմ ժամկետում ստանալ արձագանք:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS զինագործական ապրանքանիշ) պաշտոնական պարզաբանում է փոխանցել «168 Ժամին» և հրապարակել պաշտոնական կայքէջում, որտեղ ասվում էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը (ՊՆ) դատի չեն տվել:
«Ի պատասխան «ՌԻԱ Նովոստի» գործակալության տարածած տեղեկության` հայտնում ենք, որ «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը դատի չի տվել ՀՀ ՊՆ-ին: Միաժամանակ, ընկերությունը ստեղծված իրավիճակի հետ կապված հույս է հայտնում, որ ՀՀ քննչական կոմիտեն հնարավոր ամեն ինչ կանի հանգամանքները պարզելու համար, և բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն` անկախ պաշտոնից ու աստիճանից: Ընկերությունը հույս է տածում նաև, որ գործընկերային և արդյունավետ հարաբերությունները կվերականգնվեն»,- ասվում էր պարզաբանման մեջ։
Իսկ մոտ 10 օր առաջ Քննչական կոմիտեում միլիոնավոր դոլարների զենքի վաճառքի մրցույթի չեղարկման գործով հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել էր ռուսական ORSIS ընկերության տնօրենների խորհրդի անդամ Սիմոն Ամիրովը:
3,5 ժամ տևած հարցաքննությանը մասնակցելու խնդրանքով ՔԿ-ին դիմել էր ինքը՝ Ամիրովը: Դեռ 20 օր առաջ նա դիմել էր Քննչական կոմիտեի նախագահին՝ խնդրելով իրեն հրավիրել հարցաքննության ORSIS-Պաշտպանության նախարարություն քրգործով:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, որի հաղթող է ճանաչվել ռուսական ORSIS ընկերությունը՝ իր հայաստանյան ներկայացուցչությամբ։
Մրցույթը հաղթելուց հետո, սակայն, կարճ ժամանակ անց Պաշտպանության նախարարության և ORSIS ընկերության միջև զինտեխնիկայի մատակարարման մրցույթը չեղարկվել է, նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընկերությանը «սև ցուցակում» ընդգրկելու համար, իսկ ORSIS ընկերությունից էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայությանը։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ 1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Մարիամ Պետրոսյան