«Մարտ ամսից սկսած՝ ստացել եմ 1,5 մլն դրամ աշխատավարձ». Զարուհի Բաթոյան
«Կարծում եմ՝ այս հարցին այսօր ՀՀ վարչապետը կպատասխանի, այդ ամենի վերաբերյալ նաև հայտարարություն է տարածվել՝ բոլոր հիմնավորումներով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ինքս ինձ հետ հաշտ եմ, քանի որ արդեն մի քանի ամիս է՝ շնորհիվ պարգևավճարների՝ ստանում եմ 1,5 մլն դրամ աշխատավարձ, ապա ես աշխատանքի եմ անցել այն աշխատավարձով, որով նախկինում աշխատել եմ, թե՛ որպես փոխնախարար, և թե՛ որպես նախարար: Այսինքն՝ այս մասով որևէ խնդիր կամ ակնկալիք չեմ ունեցել, պարզապես դա եղել է հանձնարարական»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացվել է նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձը:
Նա ասաց, որ չի կարող բացատրել, թե ինչո՞ւ է վարչապետը գաղտնի հանձնարարական տվել աշխատավարձերի բարձրացման համար, քանի որ հարցի հասցեատերն ինքը չէ: Ինչ վերաբերում է նախարարությունում տրված պարգևավճարներին, Զարուհի Բաթոյանն ասաց, որ այդ ամենն իրականացվել է հրամանների հիման վրա և հասանելի է եղել բոլորին:
Նա նաև տեղեկացրեց, որ մարտ ամսից սկսած՝ ստացել է 1,5 մլն դրամ աշխատավարձ:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք իր աշխատավարձը 1,5 մլն դրամից ավելի պետք է լինի, նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի, և նման քննարկում ու խնդիր չկա:
«Նախարարների աշխատավարձի բարձրացման հարցի քննարկումները բաց են եղել, բոլորիդ էլ հայտնի է, մենք անընդհատ խոսել ենք այդ մասին»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան