«Եթե Նաիրի Հունանյանը նոր բան ունենար ասելու՝ կասեր». Տարոն Սիմոնյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին
«Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է իրացվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ՝անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի դիմումին՝ վաղաժամ ազատ արձակվելու վերաբերյալ:
Նրա կարծիքով՝ հասարակությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի ներկայիս պատիժն այլ պատժատեսակով փոխարինելուն:
«Կբավարարվի՞ այդ դիմումը, թե՞ ոչ, դա բացառապես դատարանի որոշումն է, մենք չենք կարող դրա հետ կապված որևէ կանխակալ վերաբերմունք դրսևորել: Կարծում եմ՝ հասարակական արձագանքն այս ամենին բացասական է»,- շեշտեց նա:
Նրա կարծիքով՝ եթե Նաիրի Հունանյանը նոր բան ունենար ասելու՝ կասեր, իսկ եթե չի ասել, ապա պետք է հնարավորություն տրվի, որպեսզի նա ամբողջ տեղեկատվությունը, որը կապված է հոկտեմբերի 27-ի հետ, բացահայտի:
Հարցին՝ արդյո՞ք օգտվելով իր պատգամավորական մանդատից ՝տեսակցել է Նաիրի Հունանյանին, Տարոն Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ այլ քրեակատարողական հիմնարկներ գնացել է, սակայն կոնկրետ նրան չի տեսել:
Անդրադառնալով Արսեն Բաբայանի ձերբակալությանը՝ Տարոն Սիմոնյանը նշեց. «Այն հոդվածը, որի հիման վրա տեղի է ունեցել ձերբակալությունը, համաներման տակ ընկնող հոդված է, ուստի ձերբակալությունը պետք է տեղի չունենար, և եթե ձերբակալությունը տեղի է ունեցել թյուրիմացության արդյունքում, ապա պետք է ազատ արձակվի: Որքանով տեղյակ եմ, գուցե սխալվում եմ, հոդվածը փոխվել է, որը չի ընկնում համաներման տակ: Այստեղ քաղաքական հետապնդման հարց չի կարող ծագել, քանի որ այս պահին դեռևս ամեն ինչ տեղավորվում է իրավական դաշտում»:
Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությանը և մեղադրանքի հնարավոր առաջադրմանը, Տարոն Սիմոնյանը նշեց, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ գիտի միայն այն, ինչ գրվում է մամուլում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան