«ԱԱԾ-ն չպիտի ծառայի Լևոնին, Ռոբերտին, Սերժին, Նիկոլին, Մարտիրոսին…». Շարմազանով

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ըստ Էդուարդ Շարմազանովի, գլխատում է ուժային համակարգը, իրավապահ մարմինները, սպայական համակարգը: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ 168.am-ի հարցին ի պատասխան:

«ՊՆ-ում կա շտաբի պետ, որը գլխավոր զինվորականն է, ոստիկանությունո՞ւմ ով է լինելու, ԱԱԾ-ո՞ւմ ով է լինելու. երբ ասում եմ` սա ուղղակի ուղղված է անվտանգության համակարգի թուլացմանը, սա եմ ասում, որովհետև անվտանգության համակարգը՝ մանավանդ ԱԱԾ-ն, չպիտի ծառայի Լևոնին, Ռոբերտին, Սերժին, Նիկոլին, Մարտիրոսին…, սա այս պետության հիմքը պետք է լինի, մի պետության, որն ունի բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ այսօր ունենք մի իրավիճակ, որտեղ պայքարում են ներքին թշնամիների դեմ:

Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հիշեցրեց օտարերկրյա գործակալների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանում արած հայտարարությունը. «Ես պարտադրում եմ և պահանջում եմ Նիկոլ Փաշինյանին, որ ինքը թուղթ ու գրչով ներկայացնի՝ ովքեր են իմ երկրի օտարերկրյա գործակալները, որոնք զբաղվում են քաղաքականությամբ:

Եթե մի պետության ղեկավար հայտարարում է, որ կան քաղաքական գործիչներ, որոնք օտարերկրյա գործակալներ են, դրան պետք հետևի կոնկրետ գործողություններ, եթե դա չի լինում, նշանակում է՝ քո պետության ղեկավարը՝ «բան ա, ասում ա» ռեժիմով է ապրում»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական քառօրյայում, ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում ներառված է նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը (երկրորդ ընթերցում)։
Այս նախագիծն առաջարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Այն հնարավորություն է տալու 25 տարին լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս