«Դե ասեք՝ ի՞նչն ենք վատ արել, ո՞ր մասն ենք վատ արել, դա ինչպե՞ս եք գնահատել». Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցը՝ նախարարությանը
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) նախկին աշխատակիցներն անցած շաբաթ կրկին գնացել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանին:
«Փոխնախարարը հայտնեց, որ հիմնադրամի հիմքի վրա կառույց է ստեղծվում, որը մի քանի կառույցներ է միավորելու: Հիմա դեռ այդ հիմնադրամի կանոնադրությունում պետք է փոփոխություններ անեն, որպեսզի կարողանան գործընթացը սկսել, դրա համար էլ հոգաբարձուների խորհրդի նիստ է կայանալու, հետո դատական կարգով կանոնադրությունը պետք է փոխվի: Երկար գործընթաց, որը չգիտեմ, թե մինչ օրս ինչու արված չէ:
Անափիոսյանն ասաց, որ այդ հիմնարկում աշխատելու համար կարող է դիմել ցանկացածը, իսկ մենք, որ այդ ոլորտի աշխատող ենք, ունենք փորձառություն, որևէ բացառություն չի լինի: Ժամկետների հետ կապված, երբ հարցրեցի, թե՝ փաստորեն ամենամոտ ժամանակահատվածը հունվարն է, փոխնախարարը պատասխանեց, որ չի կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԿԱԻ նախկին աշխատակից Նունե Ամիրյանը՝ հավելելով,- Մեզանից տվյալներ վերցրեցին, ասացին, որ կկանչեն քննարկման:
Հուսամ՝ կկանչեն մինչև նոյեմբեր: Գիտե՞ք՝ բոլորը որակյալ մասնագետներ էին, կուզեինք շարունակել աշխատել նրանց հետ: Մարդիկ հաճույքով անում էին այդ գործը, փորձում են կրկին վերադառնալ: Ֆինանսական առումով դա բարձր վարձատրվող աշխատանք չէր, պարզապես մարդիկ հաճույքով էին աշխատում: Մասնագետների մաքուր աշխատավարձը 90.000 դրամ էր կազմում:
Հիմա չգիտեմ, թե ի՞նչ են որոշելու: Ի դեպ, ասացին, որ լավ չէինք աշխատում, բայց մեր լավ աշխատանքի որևէ ռացիոնալ գնահատական չկա: Ի՞նչ է նշանակում՝ լավ չենք աշխատում, դա ո՞նց է երևում: Էլ չեմ ասում այն, թե 340 հոգանոց հիմնարկի վատ աշխատանքը ո՞նց է երևում, ո՞նց են գնահատել այդ վատ աշխատանքը: Որևէ օբյեկտիվ գնահատում չի եղել, և, եթե սուբյեկտիվ գնահատում է՝ մեկն ասել է, որ վատ է, դա ինչքանո՞վ է ռեալ՝ ամբողջ հիմնարկի աշխատանքը գնահատելու համար:
Անցած անգամ էլ ասաց՝ դուք վատ եք աշխատել: Դե ասեք, լավ, ի՞նչն ենք վատ արել, ո՞ր մասն ենք վատ արել, դա ինչպե՞ս եք գնահատել: Փաստեր չեն բերում, երբ ռացիոնալ գնահատում չի արվել: Այդ աշխատանքն ո՞վ է վատ գնահատել: Նախարարությունը պետք է աշխատանքի ինչ-որ չափորոշիչներ դներ, որ հետո էլ երևար՝ չափորոշիչի այս մասն արել ես, մյուս մասը՝ ոչ: Ընդհանրական, օդի մեջ խոսելով հո չէ՞»:
Հավելենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առջև հավաքված Կրթության ազգային ինստիտուտի մի խումբ նախկին աշխատակիցներին հանդիպեց փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և հայտնեց, որ նախարարությունն այս պահին աշխատում է այդ ուղղությամբ։
«Գոյություն ունեցող հիմնադրամներից մեկի հենքի վրա վերաձևակերպվում է, և ֆունկցիաների մի մասը, որ ԿԱԻ-ն անում էր, իրականացնելու է այն»,- ընդգծեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ինստիտուտի կողմից իրականացնում էին որոշ ֆունկցիաներ, որ իրականացնում է նաև Հանրակրթության վարչությունը, ուստի որոշ հաստիքներ կկրճատվեն նոր հիմնադրամում։
«Փոքր կազմ է ունենալու, և բոլոր հաստիքները համալրվելու են մրցույթով։ Շատ մեծ էր ինստիտուտի հաստիքների ցանկը՝ շուրջ 340. հաստիքները բավականին փոքր թիվ են կազմելու։ Որովհետև հիմնականում շատ գործառույթներ արտապատվիրվելու են տարբեր կազմակերպությունների, որոնք կրկին մրցույթով կընտրվեն»,- մանրամասնեց Անափիոսյանը։
Անի Կարապետյան