«ՍԱՊԾ պետը զբաղված է միայն պարգևատրումներ տալով, բիզնես կլասով գործուղումների գնալով». Դոնարա Ալեքսանյան
Վերջին 1.5 տարում ՍԱՊԾ-ի հետ անհնար է աշխատել: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանը: Փորձագետն ասում է՝ խնդիրներ միշտ են եղել, բայց հնարավոր է եղել դրանք քննարկել, երբեմն՝ նաև լուծել:
«Անօրինականություններ միշտ եղել են, բայց այս մեկ ու կես տարվա ընթացքում ավելի շատ են, քան մյուս ղեկավարների օրոք էր, այն ժամանակ գոնե կարողանում էինք հարցերը ներկայացնել, որոշները լուծվում էին, որոշները՝ ոչ, որը՝ իմ միջոցով, որը՝ իրենց, բայց այս 1.5 տարին անհնար է ՍԱՊԾ-ի հետ լեզու գտնել, իրենց դուրը չի գալիս, պետի դուրը չի գալիս: Երբ ես մյուս պետերի հետ էի աշխատում, այժմյան պետը լաբորատորիայում էր աշխատում, ու շատ լավ գիտեմ իր կատարած գործողությունները: Հիասթափված եմ, որ ունենք նման պետ սննդի անվտանգությոան ոլորտում, սնունդը, որը շատ կարևոր է մեզ համար, հիմա ընդհանրապես որակ չկա, ու իր հեչ պետքն էլ չի:
Օրինակ, բելառուսական մսերի մասին գրեցի իրեն, հանդիպեցինք, ուզում էի ասել, որ ուղարկեն լաբորատորիա ուսումնասիրության, տեսնենք՝ ինչպե՞ս է անցնում սահմանը, ո՞ւմ են տալիս, ի՞նչ են պատրաստում դրանով: Գնացի իր մոտ, ինքը մոռացավ իմ հարցի մասին, ինձ ցույց տվեց իր էջի վրա գրած իմ երկու տողը և կես ժամ, փոխանակ խոսեինք մթերքից, կնոջ նման հետս վիճում էր, թե ինչո՞ւ եմ վատ բաներ գրել իր մասին:
Ես խնդրեցի, որ ինձ էլ տանեն իրենց հետ, երբ կգնան բելառուսական մսամթերքից նմուշառում անելու, քանի որ ես իրենց լաբորատորիային չեմ հավատում, ինքն էլ ժամանակին այնտեղ էր աշխատում, ես գիտեմ՝ ինչքան թղթեր են կեղծվել: Որոշ ժամանակ անց ինձ նամակ է գալիս, որ մսի հետ ամեն ինչ կարգին է, եթե այդպես է, ինձ ինչո՞ւ հետները չտարան, չէ՞ որ ես խնդրել էի:
Նա արժանի չէ աշխատելու նման տեղում, զբաղված է միայն պարգևատրումներ տալով, բիզնես կլասով գործուղումների գնալով, նոր ընդունված կադրերը համապատասխան չեն իրենց աշխատանքին՝ ղեկավար, բանվոր, լաբորանտ, ոչ մեկը»,- ասում է «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանը:
Փորձագետը պնդում է՝ շատացել են ստվերային պայմաններում մսամթերքով զբաղվողները, իսկ վերահսկում չկա: Նրա խոսքով՝ հիմա ստվերային մսամթերք արտադրողները շատ-շատ են: «Բնակիչները, քաղաքացիները տան պայմաններում կեղտոտ ամանների մեջ, հիվանդ լինելով տուբերկուլյոզով, վեներական հիվանդություններով, կեղտոտ պայմաններում, շունը կողքին նստած՝ ինքը միս է աղում կամ կարկանդակ ու հոթ-դոգ է պատրաստում: Մենք հայտնում ենք ՍԱՊԾ-ին այս մասին, սպառողն էլ գիտի, բայց արհամարհում են ու միջոցներ ձեռք չեն առնում, աշխատանք չի տարվում բացարձակ: Ինքն ուզենա էլ՝ չի կարող աշխատել, այդ գրագիտությունը չունի, աշխատողներն էլ են իրենից դժգոհում:
Արարատ Միրզոյանը, որ գիշերով միջնորդել է, որ Գեորգի Ավետիսյանը դառնա ՍԱՊԾ պետ, առավոտն էլ վարչապետին ստորագրել է տվել հրամանը, թող հիմա տեսնի՝ ի՞նչ է կատարվում: Մսային բոլոր սննդամթերքները վտանգավոր են, թող ինքը հետևի, տեսնի՝ հետ վերադարձ ինչքան է լինում խանութներից, հետևի տեսնի՝ տերերն ինչ են անում հետ վերադարձված մթերքի հետ»,- ասում է նա:
Դոնարա Ալեքսյանյանը վստահ է՝ հետ վերադարձված ապրանքները նորից գնում են խանութներ, այս անգամ՝ փոփոխված ժամկետներով:
«Առաքիչները կեղծում են ժամկետները, հետ վերադարձրած ապրանքները տալիս են մանր-մունր խանութներին, տալիս են շրջաններին, որոնք գաղափար չունեն, որ կարող են փաստաթուղթ ուզել, ժամկետներ իմանալ, ստվերային կեղտոտ գործեր են արվում: Հիմա ապահով սնունդ չկա, երևի իրեն պահում են, որովհետև հատուկ գործարան ունի, որտեղ իրենց համար էկոլոգիապես մաքուր սնունդ է արտադրում: Երկիրը «բարդակ» դարձրին»,- ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ