Տիգրան Ավինյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մասին
«Ես խոսել եմ Սարհատ Պետրոսյանի հետ մինչև հրաժարականի իր դիմումը հրապարակելը: Ինքը ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարի հետ, ով հանդիսանում է իմ խորհրդականը, նաև Քաղաքաշինության կոմիտեի ներկա ղեկավարի հետ: Ընդհանուր առմամբ ինձ համար մի փոքր տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ Առողջապահության նախարարությունը հրաժարական տա, որովհետև չի համաձայնում Աշխատանքի և սոցապ նախարարության աշխատանքի հետ»,- պատասխանելով Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մոտիվների վերաբերյալ հարցին՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի տեքստում նշել էր, որ իր պաշտոնը թույլ չէր տալիս Քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալել, փոխվարչապետը նշեց, որ, թերևս, նա այդ հարցից էր հիասթափված:
«Կոռումպացվածության մասին խոսքը շատ հետաքրքիր հայտարարություն էր: Ես առաջարկում եմ պարոն Պետրոսյանից անպայմանորեն պարզաբանումները փորձել ստանալ, որովհետև սա ինձ համար էլ է նորություն: Որևէ պաշտոնյայի կոռումպացվածության վերաբերյալ որևէ խոսք անգամ չի գնացել իր հետ զրույցում: Այդ հայտարարության մեջ իմ անունը շրջանառվում է այն կոնտեքստում, որ Քաղաքաշինության նախկին ղեկավարն իմ խորհրդականն է»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ նրա հրաժարականի մեջ իր մեղքի բաժինը չի տեսնում, իսկ Սարհատ Պետրոսյանի աշխատանքը դրական է գնահատել, սակայն այժմ հետագա համագործակցության հարց չի քննարկվում:
Գոհար Սավզյան