«Այս պահին ես չեմ ուզում այդ թեմայով խոսել». «Տարոն Ավիա» ա/ը տնօրենը՝ «RyanAir»-ի մուտքի մասին
Անցած շաբաթ հայկական լրատվամիջոցների ու սոցցանցերի թիվ մեկ թեման իռլանդական «RyanAir» լոուքոսթերի՝ Հայաստան մուտքն էր, որը, ըստ երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ավիաընկերության ղեկավարների ու Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի համատեղ ասուլիսի ընթացքում հնչեցրած տվյալների՝ եվրոպական մի քանի ուղղություններով թռիչքներ իրականացնելու է միջինը 35 եվրոյին համարժեք դրամով:
168.am-ն արդեն իսկ անդրադարձել է «RyanAir»-ի մուտքով պայմանավորված համընդհանուր էյֆորիայի տակ թաքնված խնդիրներին:
Իսկ այսօր տեղեկացանք, որ խնդիրների առաջ են կանգնել հայկական ավիաընկերությունները:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իր գործունեությունը դադարեցնելու շեմին է կանգնած «Տարոն Ավիա» ավիաընկերությունը:
Հիշեցնենք, որ սա այն ավիաընկերությունն է, որին խնդրին հետամուտ մեր բազմաթիվ հրապարակումներից հետո վստահվեց Եգիպտոսի Հուրգադա քաղաքում տուրօպերատորի անփույթ աշխատանքի արդյունքում առանց հետադարձ թռիչքի հնարավորության մնացած մեր քաղաքացիների փոխադրումը Երևան այն բանից հետո, երբ մինչ այդ առաջին թռիչքը բավականին պատկառելի գումարի դիմաց տրվել էր արտասահմանյան ավիաընկերության: Իսկ մեր ավիաընկերություն այդ թռիչքն իրականացրեց մի քանի անգամ ավելի էժան գումարով:
168.am-ը կապ հաստատեց «Տարոն Ավիա» ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրների առջև է կանգնած ավիաընկերությունը, և արդյո՞ք դրանց հետևում Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն է կանգնած:
«Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ ընդհանրապես»,- մեր տեղեկությունը հերքեց ավիաընկերության տնօրենը:
Մեր ճշգրտող հարցին, թե շարունակելո՞ւ են իրենց գործունեությունը, առհասարակ որևէ խնդիր չունե՞ն, Գ. Պապիկյանը պատասխանեց, թե այս պահի դրությամբ իրենք որևէ խնդիր չունեն:
168.am-ը հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք, եթե նույն պայմանները, ինչ տրամադրվել են իռլանդական «RyanAir»-ին, տրամադրվեին հայկական ավիաընկերություններին ու մասնավորապես իրենց, իրենք չէի՞ն կարող նույնքան մատչելի թռիչքներ կազմակերպել ու իրականացնել եվրոպական ուղղություններով, «Տարոն Ավիա»-ի տնօրենն ասաց. «Կարելի՞ է չպատասխանել այդ հարցին»: Ի պատասխան մեր դիտարկմանը, թե լրատվամիջոցն ուզում է օգտակար լինել հայրենական ավիաընկերություններին, և նրանց խոսքը կարևոր է այս համատեքստում, Գառնիկ Պապիկյանը խոստացավ շաբաթվա վերջում խոսել այդ թեմայով:
«Այս պահին ես չեմ ուզում այդ թեմայով խոսել»,- եզրափակեց «Տարոն Ավիա» ավիաընկերության տնօրենը:
Գոհար Սավզյան