Նիկոլ Փաշինյանը բիզնեսին խաղի 4 կանոն է առաջարկել
Կառավարությունը փոփոխություն կատարեց Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում:
Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսական հումքի մթերման սեզոնում առանձին դեպքերում առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս փուլում գրեթե ավարտվել են խաղողի մթերումները և տնտեսավարողները չունեն լրացուցիչ շրջանառու միջոցներ ՀՀ Վայոց ձորի մարզում արտադրված «Արենի» սորտի խաղողի մթերումների դիմաց վճարումներն արագ կատարելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրով նախատեսված վարկավորման առավելագույն 1.5 մլրդ դրամի շեմն ավելացնել մինչև 1.8 մլրդ դրամ։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրերի շրջանակում ընթացիկ տարում 2019 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է 67 հայտ՝ 8.0 մլրդ դրամի չափով, կնքվել է հումքի գնման 8243 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 240.0 դրամ։
Նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց խաղողագործների մտահոգությունը՝ խաղողի գնագոյացման ձևի հետ կապված և նշեց, որ վերջիններս առաջարկում են համատեղ քննարկում անցկացնել:
Հարցի առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Իհարկե, մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք, բայց ընդհանրապես դրա լուծման ամենաքաղաքակիրթ մեթոդը հետևյալն է. խաղողագործները և գինեգործներն ունենում են ամեն մեկն իրեն ներկայացնող կազմակերպություն: Այդ կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է նստեն, բանակցեն, պայմանագիր կնքեն և այլն: Շատ է խոսվում այն մասին, որ բիզնեսի համար նոր կանոնները պարզ չեն: Ես, արձագանքելով դրան, 4 կանոն եմ առաջարկում՝ 1-ինը՝ մի՛ գողացիր, 2-րդը՝ եղի՛ր արդյունավետ, 3-րդը՝ եղի՛ր նորարար, 4-րդը՝ եղի՛ր համագործակցող: Այս համագործակցությունը նաև դրան է վերաբերում: Պետք է իրենք համագործակցեն, իրենց խնդիրը համատեղ քննարկեն և միասնական շահ ներկայացնեն, որպեսզի իրենց ասելիքը և դիրքորոշումները լինեն ավելի լսելի»: