Արշակ Կարապետյանը հրավիրվել է ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին
ՀՀ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով տվյալ պահին նաև ՀՀ վարչապետի խորհրդականն է, մասնակցում է Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին:
Այս մասին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի վերջում հայտնեց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այսօր հրավիրվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով տվյալ պահին հանդիսանում է նաև ՀՀ վարչապետի խորհրդականը»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ նիստը կայանալու է ԱԺ-ում իրենց հատկացված տարածքում, որը պատրաստված է այնպիսի բնույթի աշխատանքների համար, որ գաղտնիության հետ կապված արտահոսքեր չլինեն:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովին նիստերին միշտ հրավիրում են առանցքային դեմքերի, իսկ այսօր՝ ավելի առանցքային: Նրա հավաստիացմամբ՝ քննիչ հանձնաժողովն առայժմ մերժում չի ստացել:
Հանձնաժողովն ուսումնասիրում է 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: