Արսեն Թորոսյանի արդեն նախկին տեղակալի հայրն ԱԱԾ-ում է

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) առողջապահության փոխնախարարներից մեկի հայրը փողերի լվացման գործով նրգրավված է որպես կասկածյալ: Այս մաիս 168.am-ին  հայտնեց նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը:  Նախարար Արսեն Թորոսյանի ո՞ր  տեղակալի մասին է խոսքը, ի՞նչ փողեր են դրանք, աղբյուրը ակնարկեց միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը՝  նշելով, որ պետական նվիրատվության  գումարների հետ կապված խնդիր է:

ԱԱԾ-ից 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ նոր բացահայտում կա ՀՄՀ գործով, սակայն տարածած հաղորդագրությունից բացի, նոր բան չհայտնեցին. «Նախաքննական մարմինը հաղորդագրության տեսքով թույլատրելիության սահմանում ամեն ինչ հայտարարել է, նոր բան ավելացնել չի կարող»:

Դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն՝ խոսքը Արցախի մի քանի շրջաններին շուրջ 150 մլն դրամի գույքի մատակարարման համար կնքած գործարքի մասին է, որն արվել է, սակայն գույքը տեղ չի հասել:  Ավելին, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր, որպեսզի ծախս երևա:

Ի դեպ, գործարքի մի կողմը հանդիսացել է հիմնադրամը, մյուս կողմը՝ հիմնադրամի ենթակայությամբ գործող ՍՊԸ-ն:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, ԱԱԾ-ն օրերս տարածած հաղորդագրության մեջ նշում էր, որ դեռ անցած տարվանից ծառայությունում  քննվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա  Վարդանյանի հայտնի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, ըստ այդմ փոփոխվել է Արա Վարդանյանին առաջադրված մեղադրանքը,  լրացվել և կրկին նոր  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Արա Վարդանյանը  հոկտեմբերի 9-ին կրկին կալանավորվել էր:

Տեսանյութեր

Լրահոս