
UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար

Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, (UEFA) կարող է պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ EURO-2020-ի որակավորման փուլի խմբային փուլում կայացած Թուրքիա-Ալբանիա խաղի վերջին րոպեներին խփած գոլը թուրք ֆուտբոլիստները նշել են զինվորական ողջույնով՝ ի աջակցություն Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, որն աշխարհի մի շարք երկրներ դատապարտել են։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ֆուտբոլային հանդիպումից հետո թուրքերը մարզիկները հանդերձարանից լուսանկար են հրապարակել, որտեղ նորից կրկնել են այդ ժեստը՝ մակագրելով. «Հաղթանակ, որը նվիրվում է նահատակված զինվորներին»:
UEFA-ի կանոնակարգում հստակ ամրագրված է, որ պատժելի արարք է համարվում այն ժեստի, խոսքի կամ առարկայի օգտագործումը, որն իր մեջ կպարունակի սադրիչ ուղերձ, չի համապատասխանի սպորտային իրադարձությանը կամ կկրի քաղաքական, գաղափարական, կրոնական ու վիրավորական բնույթ: