«Չեմ ուզում ոչ մեկի հանդեպ մեղադրանք հնչեցնել, որովհետև դատարանն է որոշելու». Հայկակ Արշամյանը՝ Արա Վարդանյանի կալանավորման մասին
Հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց, ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։
Հիմնադրամի ներկայիս գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը լրագրողների հետ հանդիպմանը խուսափեց Արա Վարդանյանին հասցեագրվող մեղադրանքների մեկնաբանությունից: «Ես կխուսափեի գործից խոսելուց, այն առումով, որ դա իրավապահ մարմինների գործն է: Չեմ ուզում ոչ մեկի հանդեպ մեղադրանք հնչեցնել, որովհետև դատարանն է որոշելու: Ես վստահ եմ և դրա կողմնակիցն եմ՝ եթե վնաս է հասցվել, պետք է բոլոր վնասները վերականգնվեն: Եթե կան մեղավորներ, բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց նա՝ շեշտելով, որ այս միջադեպը չի վնասի այս տարվա մարաթոնին, քանի որ որևէ անձի կամ անձերի նախկինում եղած բացասական գործունեությունը մաս է կազմել ընդհանուր և մեծ կոռումպացված համակարգի:
Միաժամանակ Հայկակ Արշամյանը հարկ համարեց ընդգծել, որ 28 տարվա ընթացքում լուրջ ինստիտուտ է ձևավորվել: «Հիմնադրամը 350 միլիոն դոլարի ծրագրեր է արել ՀՀ-ում և Արցախում՝ 2/3-ը Արցախում, մնացած 1/3-ը՝ ՀՀ-ում: Եվ սրա մասին չպետք է ուղղակի մոռանալ: Ես կարծում եմ, որ որևէ անձի կամ անհատի ոչ դրական գործունեությունը չի կարող անդրադառնալ նման մեծ ինստիտուտի գործունեության վրա, որը համայն հայությանը կապում է իրար հետ և տարիներ շարունակ՝ դեռ 90-ականների սկզբից, լուծել է նավթի, կերոսինի, ուտելիքի հարց: Այդպես է սկսել իր գործունեությունը երկրում, որից հետո ընդլայնել է այն և իրականացրել զարգացման ծրագրեր»,- հավելեց հիմնադրամի գործադիր տնօրենը:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թվականի օգոստոսի 29-ից 2019 թվականի սեպտեմբերի 30-ն իրականացրած ստուգումների արդյունքները:
Պալատի եզրակացության մեջ նշվում է, որ ստուգման ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Ավելի ուշ ԱԱԾ հայտարարություն տարածեց, որ Արա Վարդանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և կրկին մեղադրանք է առաջադրվել:
Մարիամ Պետրոսյան