Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով շարունակում են 2012 թվականին մեկնարկած համագործակցությունը: Բանկն ու հիմնադրամը վերակնքել են նախկինում ստորագրված պայմանագիրը, որով նախատեսվում է շարունակել Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի թողարկումը, ինչպես նաև ընդլայնել քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ համատեղ իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակը։

Համագործակցության շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սեփական, ինչպես նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտերով  բանկի ստացած միջոցներից գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական hիմնադրամի հատուկ հաշվեհամարին, որի շնորհիվ բանկը և հիմնադրամը  իրականացնում են բարեգործական ծրագրեր:

«Մեր համագործակցության շրջանակում մենք համատեղ ստեղծել ենք  Հայաստանում առաջին բարեգործական բանկային քարտը՝ Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ը, որի շնորհիվ մենք աջակցեցել ենք Հայաստանի մանկատներում բնակվող երեխաների առօրյան և ապագան ավելի բարեկեցիկ և հագեցած դարձնելու գործին: Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մեր համագործակցությունը նոր մակարդակի է բարձրանում. արդյունքում կկարողանանք ոչ միայն աջակցել դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, այլ նաև կիրականացնենք ծրագրեր, որոնց շահառուները կդառնան նաև հասարակության ավելի լայն շերտերը: Այս ծրագրերը կյանքի են կոչվում նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 62,000 քարտատերերի շնորհիվ. շնորհակալ ենք մեր հաճախորդներին։ Նրանց կողմից կատարված անկանխիկ գործարքները մեզ հնարավորություն են ընձեռում իրականացնել ծրագրեր, որոնք դրական փոխություններ  են  մտցնում մեր հայրենակիցների կյանքում:  Վստահ ենք, որ համատեղ ուժերով կկարողանանք նպաստել բազմաթիվ կարևոր ծրագրերի իրականացմանն ու վաղվա օրը դարձնել ավելի լավը»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

««Հայաստան» համահայկական հիմնադրամն ուժեղ է իր ցանցով և հավատարիմ գործընկերներով։ Շնորհակալ ենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից մշտապես Հիմնադրամի կողքին լինելու և մեր առաքելությանը աջակցելու համար։ Միասին կերտում ենք ավելի լավ ապագա ներկա և ապագա սերունդների համար՝ նպաստելով Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր աշխարհասփյուռ բարերարներին, ձեր շնորհիվ է, որ մեր ծրագրերը տարեցտարի ավելանում են ի նպաստ մեր երկրի զարգացման», – նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել է 2012 թվականին՝ հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ Հայաստանում առաջին անգամ թողարկելով բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը:

Տեսանյութեր

Լրահոս