Չինաստանն արդեն սկսել է կատարել ԱՄՆ-ի հետ առևտրական գործարքի պայմանները. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանն արդեն սկսել է կատարել առեւտրական գործարքի այն պայմանները, որոնց շուրջ երկու երկրները հասել են սկզբունքային համաձայնության, եւ ձեռնամուխ է եղել ամերիկայն գյուղատնտեսական արտադրանքի գնումներին: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահը հոկտեմբերի 13-ին գրել է Twitter-ի իր էջում:
Նրա խոսքով՝ գործարքի պայմաններից մեկն այն էր, որ կողմերը երեք-չորս շաբաթ չեն սպասելու համաձայնագրի ստորագրմանը եւ գնումներին ձեռնամուխ են եղել անմիջապես: «Չինաստանն արդեն սկսել է գյուղատնտեսական արտադրանք գնել մեր հիանալի հայրենասեր ֆերմերներից»,- հայտարարել է Թրամփը:
«Մենք կավարտենք գործարքի ընդգրկուն առաջին մասը եւ անմիջապես ձեռնամուխ կլինենք երկրորդ մասին: Առաջին մասը կարող է վերջնականապես համաձայնեցվել ու ստորագրվել շուտով»,- հավելել է Թրամփը՝ անդրադառնալով Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու հեի հետ հոկտեմբերի 11-ին կայացած բանակցությունների արդյունքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: