Բաժիններ՝

«Այսօր Հայաստանում նման խնդիր չկա, սոխ, բենզին, ինչ ուզեն՝ կարող են ներկրել». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզում «Իմ քայլը»՝ հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ընթացքում անդրադառնալով տնտեսական հեղափոխության հաջողության գրավականներին՝ նշեց, որ դրանցից մեկն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ իր հացը պետք է սեփական քրտինքով վաստակի։

Նա հիշեցրեց, որ, երբ աշխատում էր լրագրող, այնուհետև՝ ԱԺ պատգամավոր, շատերն էին իրեն դիմում՝ ասելով, թե՝ սոխ է ներկրել, սակայն թույլ չեն տալիս այն բերել Հայաստան։

«Այսօր Հայաստանում նման խնդիր չկա, սոխ, բենզին, ինչ ուզեն՝ կարող են ներկրել, իհարկե օրինական, քանի որ դեպքեր կան, որոնց շատ խիստ ենք վերաբերվում։ Մենք, օրինակ՝ խիստ ենք վերաբերվում այն դեպքերին, երբ գնում են այլ տեղերից էժան կոնյակ են ներկրում, հետո ձևակերպում են, թե իբրև խաղող են ներկրել, դրանից կոնյակ են ստացել, և ինչ-որ արտահանում են։ Համարում ենք, որ սա ջարդում է Հայաստանի խաղողագործության ողնաշարը։ Երբ ասում ենք, որ այս տարի, մասնավորապես՝ կոնյակի խաղողի մթերման ոլորտում ամեն ինչ տեղի ունեցավ անաղմուկ, ապա դրա պատճառներից մեկն այն էր, որ մեր կառավարությունը սկզբունքային դիրքորոշում ունի, և մենք կոնյակի սպիրտի հետ կապված տարբեր մախինացիաներ ուղղակի թույլ չենք տալիս»,- շեշտեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այն, ինչը կլինի օրինական՝ կթույլատրվի, իսկ ապօրինի բոլոր հոսքերն արգելվելու են, քանի որ ամեն ինչ առաջին հերթին պետք է Հայաստանի խաղողագործության հետագա զարգացմանը։

Ըստ վարչապետի՝ բոլորին անհրաժեշտ է ուսուցանել գործարար հմտություններ՝ սկսած դպրոցից, քանի որ նման հմտություններ բոլորին են անհրաժեշտ։ Որպես օրինակ՝ նա բերեց դատարկ դահլիճներում անցկացվող ներկայացումները, որ գործարար հմտությունների բացակայության արդյունք է, անկախ այն հանգամանքից, թե որքանով է տվյալ դերասանը կամ բեմադրիչը տաղանդավոր։

«Սա նույնն է, որ գինին արտադրեն, ու այն վաճառվի, եթե ընդհանրապես չվաճառվի, այդ գինին, այն կարտադրվի՞, իհարկե՝ ոչ։ Հետևաբար` ինչո՞ւ Հայաստանում գոյություն ունեն դատարկ դահլիճներով ներկայացումներ, և ինչո՞ւ են պետությունից պահանջում, որպեսզի ֆինանսավորի դատարկ դահլիճներով ներկայացումը»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս