«Գործարարների շրջանում մենք չունենք թշնամիներ. բոլորին համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը». Նիկոլ Փաշինյան
«Կառավարության և փոքր, միջին ու խոշոր բիզնեսի միջև պետք է լինի գործընկերություն, որի համար այսօր Հայաստանում ստեղծվել են բոլոր հնարավորությունները։ Այսօր մեր երկրում չկա բաժանում այսպես կոչված ընդդիմադիր և իշխանամետ գործարարների։ Նրանց շրջանում մենք ընդհանրապես չունենք թշնամիներ, նրանց բոլորին համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը»,- այս մասին այսօր Արագածոտնի մարզում « Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ տնտեսական հեղափոխությունը հնարավոր չէ առանց գործարարների հետ դաշնակցելու, ուստի Կառավարության մեծագույն խնդիրն է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր գործարար իրեն պաշտպանված զգա։
«Կարծում եմ՝ հենց այսօր ամեն մի գործարար պետք է իրեն պաշտպանված զգա, որովհետև մեր կառավարության 1,5 տարվա գործունեության ընթացքում չունենք սեփականության վերաբաշխման որևէ դեպք։ Երբեմն ակնհայտ դեպքեր կան, որոնք քաղաքական նպատակահարմարության առումով թվում է, թե պետք է գնալ ու այդ հարցը լուծել։ Այս ուղղությամբ մենք շատ դեպքերում նույնիսկ չափից ավելի զուսպ ենք պահում մեկ նկատառումով՝ հանկարծ գործարար աշխարհում անպաշտպանության, անորոշության որևէ զգացում չառաջանա»,-շեշտեց Ն. Փաշինյանը։
Վարչապետը վստահեցրեց, որ այն գործարարները, որոնք քարը քարի վրա են դնում, աշխատատեղեր են ստեղծում և գործում են օրինական դաշտում, ապա ՀՀ կառավարությունն ամուր պետք է կանգնի այդ նրանց թիկունքին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, համակրանքներից ու հակակրանքներից։
Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխության համար կարևորեց նաև անհատական ջանքը, հավելելով, որ աղքատության հաղթահարման միջոցը տեսնում է քաղաքացիներին քաջալերելը, որպեսզի վերջիններս զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն։
Վարչապետը նաև ընդգծեց, որ բարեգործության այն մոդելը, որը երկար տարիներ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է տնտեսական հարաբերությունները և շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել, այլ խանգարել է։
«Լավ, ասենք հասկանալի է, մարդուն կարելի է մեկ , երկու, երեք օր, լավ, մեկ, երկու ամիս հաց տալ։ Բայց ի՞նչ է լինում այն մարդու հետ, որը մտածում է, թե ուրիշ մարդիկ իրեն ամբողջ կյանքում պետք է պահեն, ինչպե՞ս է այդ մարդու հոգեբանությունը, ինքնագնահատականը, այդպիսով մենք կոտրում ենք այդ մարդու ողնաշարը։
Տնտեսական հեղափոխության ամբողջ իմաստն այն է, որ յուրաքանչյուր մարդու, քաղաքացու կարողանանք այս ուղերձը հստակ հղել, որն, ի դեպ, Աստվածն է հղել Աբրահամին, նրան դրախտից դուրս հրավիրելուց հետո՝ ասելով, որ իր հարցը պետք է սեփական քրտինքով վաստակի։
Այո, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր հացը պետք է վաստակի սեփական քրտինքով»,- նշեց վարչապետ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ սա 8-րդ բիզնես համաժողովն է, որն այս անգամ անցկացվում է Արգածոտնի մարզում:
Զվարթ Խաչատրյան