Այս տարի հավանաբար կլինի 7 տոկոս տնտեսական աճ. ՀՀ վարչապետ

Արագածոտնի մարզում մեկնարկել է «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն իր խոսքում անդրադառնալով համաժողովին, նշեց, որ այն իր ճանապարհը դեռ շարունակում է և լավ առիթ է խոսել ընթացիկ տնտեսական իրավիճակից։

«Այս առումով կարևոր է ընդգծել, որ 2019 թվականն առաջին տնտեսական ամբողջական տարին է, որտեղ մեր կառավարությունը հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս տարի ամենայն հավանականությամբ կլինի պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է և, ըստ վարչապետի, բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում։

«Իհարկե, հասկանալի է, որ մեր բազան շատ ցածր է և 7 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որից մեզ շատ երջանիկ պետք է զգանք։ Այս տարվա տնտեսական աճը ցույց է տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, դրանք իրական են և կարող են դառնալ իրականություն։

Կարևոր է արձանագրել, որ 2015 թվականի համեմատությամբ՝ ընդամենը 4 տարվա ընթացքում մենք ֆինանսական միջոցների հասանելիության 3 տոկոսանոց կրճատում ունեցանք։ Մեզ համար շատ կարևոր է Հայաստանը վերափոխող մեգանախագծեր ստեղծել և այսօր այդ նախագծերը ֆինանսավորելու հնարավորություններ կան»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանը միջազգային պահուստները կամփոփի պատմական ռեկորդային ցուցանիշով։ Ըստ այդմ, այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարչապետի խոսքով՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ կլինի միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը։ Ուստի սա ևս կարևոր ցուցանիշ է, որը վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության մասին։

«Այս տարի Հայաստանի ֆինանսական շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով Կենտրոնական բանկն իրականցրել է շուրջ 433 մլն դոլարի գնում, այսինքն՝ Հայաստանի շուկայում առաջին 9 ամիսների արդյունքներով 430 մլն դոլար հավելյալ արտարժույթային միջոցներ են հայտնվել։ Սա հիմնականում կապված է զբոսաշրջության աճի հետ, ինչը չափազանց մեծ հնարավորություններ է բացում ՀՀ քաղաքացիների համար»,- շեշտեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս