Բաժիններ՝

«Գտե՛ք 40 վայրկյան՝ հաղորդակցվելու ձեզ համար վստահելի մարդու հետ». հոգեկան խանգարումներն ուրվական են, ոչ մեկն ապահովագրված չէ դրանից. ինքնասպանագետ

«Եթե մարդը ինքնասպանության փորձ է կատարել, բայց չի մահացել, հավանականությունը մեծ է, որ երկրորդ անգամ կկատարի այդ քայլը, որովհետև իր ֆիզիկական, հոգեկան վիճակին գումարվում է նաև այն տրավմատիկ վիճակը, որը ինքնասպանության փորձի միջոցով ունենում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ), հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը:

«Մենք ունենք 4 տեսակի հետսուիցիդներ.առաջինը կոչվում է քննադատական: Եթե մարդն ինչ-որ պահի ազդեցության տակ իրականացրել է ինքնասպանության փորձ,  իրեն փրկել են, և այդ պահը եղել է հուզական պայթյունի ժամանակ, հաջորդ օրը մտածում ու իրեն քննադատում է, բայց սուիցիդ իրականացնելու հավանականությունը նորից կա: Երկրորդը վերլուծական սուիցիդն է, երբ մարդը վերլուծում է իր կատարած արարքը և հասկանում, որ դա ճիշտ ճանապարհը չէ: Կրկին ինքնասպանության փորձ կատարելու հավանականությունը մեծ է:

Մյուսը կոչվում է ֆիքսված հետսուիցիդ: Մարդը, որ գնում է ինքնասպանության, կոնկրետ պատճառ ունի, պայման և առիթ: Եվ, եթե խնդիրը, որի համար ինքնասպանության է գնում, լուծված չէ, ապա այդ դեպքում երկրորդ անգամ ինքնասպանության փորձ կատարելու հավանականությունը շատ մեծ է: Վերջինը մանիպուլյատիվ հետսուիցիդն է: Երիտասարդների ու հատկապես իգական սեռի ներկայացուցիչների մոտ է դիտարկվում: Եթե մեկ անգամ ինքնասպանության փորձ է իրականացնում ու հասնում է իր նպատակին, պատճառը բավարարում են, այդ վարքն իր համար դառնում է ստերեոտիպ, անընդհատ սկսում է կիրառել: Սա կոչվում է մանիպուլյատիվ հետսուիցիդ:

Չի անում այնպիսի բան, որ մահանա, իրականացնում է քայլ, իր ցանկությունը հասանելի դարձնում հասարակությանը: Ապացուցված է, որ աշխարհում 2.5-3 անգամ շատ տղամարդիկ են իրականացնում սուիցիդալ վարք, բայց ինքնասպանության փորձերի թիվը կանանց մոտ ավելի շատ է»,- մանրամասնեց ինքնասպանագետը:

Կամո Վարդանյանի խոսքով՝ հոգեկան առողջությանը ուշադրություն պետք է դարձնեն ոչ միայն հիվանդներն ու հիվանդի տերերը, այլև ցանկացած քաղաքացի:

«Կա  հետաքրքիր մի մոտեցում. հոգեկան խանգարումները, որոշակի դրսևորումները ուրվական են, ոչ մեկն ապահովագրված չէ դրանից: Այն չի ճանաչում ոչ տարիք, ոչ սեռ, կարող է ցանկացածի տուն մտնել: Եվ, որպեսզի ապահովագրված լինենք դրանից՝ խորհուրդը հետևյալն է՝ մարդի՛կ, եղեք զգոն, մասնագետնե՛ր, եղեք ուշադիր, որպեսզի այն ձեր տուն չթափանցի:

Երբեմն ասում են, թե ո՞րն է սրա պատճառը… մինչև 800 պատճառ գոյություն ունի սուիցիդների: Դրանց քանակը Երկիր մոլորակի վրա աճում է երկու պատճառով.առաջինն այն է, որ երկրագնդի բնակչության քանակն աճում է, բնականաբար , սուիցիդների քանակը դրան համապատասխան պետք է աճի, մյուս կարևոր առանձնահատկությունը ներկայիս լարված ժամանակակից կյանքն է: Այս լարվածությունը բերում է հոգեկան հյուծման:

Եթե դուք ունեք դժվարություններ, գտե՛ք 40 վայրկյան՝ հաղորդակցվելու ձեզ համար վստահելի  մարդու հետ և ներկայացնելու, թե ինչպե՞ս եք ձեզ զգում: Եթե գիտեք մեկին, ում հարազատը սուիցիդ է իրականացրել՝ գտեք 40 վայրկյան՝  հաղորդակցվելու և հետաքրքրվելու նրանց որպիսությամբ: Եթե աշխատում եք լրագրության ոլորտում, կարևորեք 40 վայրկյանը՝ հարցազրույցներում, հոդվածներում՝ կանխարգելելու սուիցիդները:  Եթե աշխատում եք արվեստի կամ թվային հարթակներում, ընդհատեք ձեր աշխատանքը և 40 վայրկյան հաղորդագրություն փոխանցեք հոգեկան առողջության կամ սուցիդի կանխարգելման մասին դրական տրամադրվածությամբ և դիրքորոշումով: Եթե գործատու կամ ղեկավար եք՝ գտե՛ք 40 վայրկյան՝ ձևակերպելու աջակցող, դրական ուղերձ ձեր ենթականերին»,- եզրափակեց բանախոսը:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031