Բաժիններ՝

«Բնակարանաշինության ծրագրերին կարճաժամկետում օժանդակում ենք, երկարաժամկետում խնդիր ենք ունենալու». Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ կենտրոնում գրեթե տարածք չի մնացել, որը կառուցապատողները կվաճառեն։ Պատճառն այն է, որ այսօրվա դրությամբ կա մեկ գործիք՝ եկամտահարկի հետ վերադարձի գործիքը, որը խթանում է բնակարանաշինությունը։

«Այստեղ մենք անպայման պետք է ուշադրություն դարձնենք, նորից եմ ասում՝ սա ոչ պոպուլյար քայլ է, երբ Կառավարությունը դա վերաիմաստավորի, հնարավոր է՝ հանրության որոշակի շերտերի մոտ դժգոհություն առաջանա, բայց սա ճիշտ քայլ է։ Ժամանակին մենք դրոշակ բարձրացրեցինք և ասացինք, որ գործիքը, որը կիրառում են, կա՛մ պետք է ունենա սոցիալական, կա՛մ տնտեսական բաղադրիչ, քանի որ այս երկուսը միմյանց հակասում են և երկուսը միաժամանակ չի կարող լինել։ Այս իմաստով 2016 թվականին, երբ ներդրվեց այս գործիքը, կար այն գաղափարախոսությունը, որն այն պետք է լիներ տնտեսական։ Մենք փորձեինք վերակենդանացնել կապիտալ շինարարությունը, և որոշ ժամանակից հետո Կառավարությունն այդ ծրագրից պետք է դուրս գար»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Հայաստանում բնակարանաշինության հետ կապված խնդիրներին։

Ըստ նրա՝ սկզբում, երբ ներդրվել է ծրագիրը, եկամտահարկի հետ վերադարձը կազմել է շուրջ 6-7 հարյուր միլիոն, դրան զուգահեռ՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ բյուջեն պետք է ապրի, և այսօր այդ թիվը, նախկին նախարարի խոսքով՝ գրեթե տասնապատկվել է։

Վարդան Արամյանը վստահեցրեց, որ, եթե այս միտումներով ամեն ինչ առաջ գնա, ապա հաջորդ տարի բյուջեում պետք է տեսնեն ոչ թե 8 մլրդ դրամ, այլ մոտավորապես 11-12 մլրդ դրամ։

«Այս առաջարկը եղել է Հովիկ Աբրահամյանի Կառավարության օրոք, իսկ Կարեն Կարապետյանի օրոք մենք որոշակի, այսպես ասած, զսպաշապիկ հագցրեցինք, իհարկե, դրեցինք շեմ՝ 55 մլն դրամ, և դրեցինք այս ծրագրին մեկանգամյա մասնակցելու սահմանափակում, նույնիսկ այդ շեմի մասով մեծ դեբատներ կար։ Մեր տեսակետն այն է, որ 55 միլիոնն էլ էր նույնիսկ բարձր, քանի որ, եթե մենք ունենք այլ ծրագրեր՝ բնակարաններ երիտասարդներին, կամ սոցիալական բնակարանաշինություն, և այլն, ապա նշանակում է՝ դա է գինը, որը պետք է ունենա սոցիալական կոմպոնենտ։ Վստահեցնում եմ՝ կարճաժամկետում մենք օժանդակում ենք, բայց երկարաժամկետում խնդիր ենք ունենալու»,- ընդգծեց Վարդան Արամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս