«Համոզված եմ, որ բոլոր քաղաքացիները զգում են տնտեսական հեղափոխության ազդեցությունը». Վահագն Խաչատրյան
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության առումով վերջին 1,5 տարին բավականին երկար և, միևնույն ժամանակ, կարճ ժամանակահատված է։
«Կառավարությունն իր առջև ի՞նչ խնդիր էր դրել, ի վերջո, տնտեսական հեղափոխության ամբողջ բովանդակությունը դա է՝ վարքագծի փոփոխություն։ Սա վերաբերում է բոլորիս՝ իշխանությանը, գործարարներին»,- այս մասին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Ըստ նրա՝ տարիներ շարունակ հանրությանը պարտադրել են խաղի այնպիսի կանոններ, որտեղ բիզնեսն ու գործարարները չէին կարող ինքնարտահայտվել և գտնել իրենց տեղը։ Եվ այս պարագայում որևէ հաջողության հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր մրցակցությունից դուրս ստանալ հովանավորություն և իշխանություններից արտոնություններ ստանալով՝ որևէ տեղ գրավել։
«Տնտեսական հեղափոխության ամբողջ գաղափարախոսությունն այս խաղի կանոնները փոխելն էր։ Այն, ինչն առաջարկել է իշխանությունը, որն իրականություն է դառնում, այն է, որ չի խառնվում տնտեսական կյանքին, բոլորիս ազատություն է տվել, մրցակցային դաշտում փոխել է խաղի կանոնները։ Կարծում եմ՝ տնտեսական հեղափոխության ամբողջ իմաստը սա է, և այստեղ հաջողություններ ունենք, սակայն սա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվել է։ Որովհետև կարող եմ թվարկել թերություններ՝ հիմնականում կապված Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ»,- շեշտեց Վահագն Խաչատրյանը։
Այս առումով տնտեսագետը նկատեց, որ շատ խիստ գնահատականներ չի տալիս, քանի որ հասկանում է, որ նախկին համակարգը շատ կարծրացած էր։
Նա նաև հավելեց՝ համոզված է, որ բոլոր քաղաքացիները զգում են տնտեսական հեղափոխության արդյունքները, իսկ ամենակարևորը՝ ազատության շունչը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան