Բաժիններ՝

«Եթե աշխարհայացքի առումով անհատն ազատությունների, հավասար մրցակցության պայմաններում չփոխվեց՝ կունենանք հեղափոխության տեմպերի դանդաղում». Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխությունը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, սակայն հիմնականը ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրի աշխարհայացքի փոփոխությունն է, թիրախավորումը, այն, որ անհատն է լինելու բարեփոխումների շարժիչ ուժը:

«Եթե աշխարհայացքի առումով անհատը նոր ազատությունների, հավասար մրցակցության պայմաններում չփոխվեց, ապա մենք հեղափոխության տեմպերի դանդաղում կունենանք»,-այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանը:

Իսկ որպեսզի քաղաքացին իր կենսամակարդակի վրա զգա տնտեսական հեղափոխության արդյունքները, ապա, ըստ Ա. Ղազարյանի՝ անհրաժեշտ է տնտեսական  հեղափոխության տեմպերի արագացում:

«Այս ամենի համար մենք ունենք լավ ցուցանիշներ, որքան էլ այդ ցուցանիշների շուրջ բանավիճեն: Մենք ունենք հավասար մրցակցային դաշտ, մանր և միջին բիզնեսի աշխուժացում, ազատ մրցակցելու բավականին լայն հնարավորություններ, սակայն մեր ձեռք բերած այն ցուցանիշները՝ ՀՆԱ-ի, արտահանման աճը, աշխատատեղերի քանակը բավարար մակարդակի չեն, որպեսզի քաղաքացին զգա, որ ինքը տնտեսական հեղափոխության և՛ մասնակիցն է, և՛  նրա ազդեցության կրողը:

Իսկ տնտեսական հեղափոխությունն ի տարբերություն քաղաքականի, որը շատ կարճ ու արագ է լինում, շարունակական գործընթաց է: Այս պատճառով էլ դրա գործարկումն ու ընկալումը գերխնդիր է, որն էլ այսօր պատրաստվում ենք քննարկել ու հանրության տալ այն ուղերձները, որով մարդը պետք է ոգևորվի և իր ապագային տեր կանգնի»,- շեշտեց Արսեն Ղազարյանը:

Նա նաև հավելեց, որ վերջապես հասկացել են, որ զարգացող տնտեսության, հարուստ հասարակության հիմքը խոշորի կողքին առաջին հերթին մանր և միջին խավն է:

Նրա դիտարկմամբ, այսօր տնտեսության ոլորտում կան ձեռքբերումներ, որոնց պահպանումն առաջին հերթին տնտեսական ցուցանիշի ավելացման գրավականը կարող է լինել:

«Ավելի քան վստահ եմ, որ մեկ-երկու տարվա ընթացքում մենք կունենանք ներքին ու արտաքին խոշոր աճ, որը կբերի աշխատատեղերի աճին և մեր ՀՆԱ-ի աճը կլինի ոչ թե 4-5 տոկոս, այլ վերջապես կհասնենք երկնիշ թվերի: Այս դեպքում յուրաքանչյուրս դա կզգանք մեր կենսամակարդակի վրա: Սա պահանջում է դժվար և երկարատև աշխատանք և ամեն ինչ կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից: Հասարակությունը պետք է շարունակի հավատալ ինքն իրեն և եղած ձեռբերումներին և ստիպի բոլորիս՝ պետությանը, գործարարությանը հետ չկանգնել այս յուրահատուկ ձեռբերումներից»,- շեշտեց նա:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս