
Համաշխարհային տնտեսությանը աճի դանդաղում է սպասում. ԱՄՀ-ի գործադիր տնօրեն

Ընթացիկ տարում այն երկրներում, որոնք ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 տոկոսը, տնտեսության աճի դանդաղում է սպասվում: Այս կանխատեսումը, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, արել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան: Նրա խոսքով՝ ցուցանիշները կարող են ընկնել մինչեւ տասնամյակի ամենացածր մակարդակ:
Գեորգիեւան նշել է, որ առեւտրական հակամարտությունների հետեւանքով 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել շուրջ 700 մլրդ դոլար, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես 0,8 տոկոսը: «Մենք ավելի վաղ արդեն խոսել ենք առեւտրական վեճերի վնասի մասին: Այժմ մենք տեսնում ենք, որ դրանք իրապես բացասական հետեւանքներ ունեն»,- ասել է ԱՄՀ-ի գործադիր տնօրենը: