Մեղրիի բնակիչները ցանկանում են Ազատ առևտրի գոտուն տրամադրել 70 հեկտար ազատ հող՝ պայմանով, որ ունենան 5-10 տոկոս բաժնեմաս
Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հետագա գործարկման հնարավորությունները քննարկման ժամանակ նշեց, որ Մեղրու ազատ գոտին ամբողջ Հայաստանին է անհրաժեշտ, սակայն առաջին շահառուն լինելու է Մեղրիի բնակիչը:
Անդրադառնալով Ազատ տնտեսական գոտու տարածքում աճուրդով վաճառված հողերին՝ նա նշեց, որ աճուրդն ապօրինի է իրականացվել, և այն գտնվում է դատական փուլում, և հույս հայտնեց, որ հարցը շուտ կլուծվի, քանի որ աճուրդի կազմակերպիչներն ընդունել են իրենց մեղքը:
«Արագացված ընթացքով դատաքննությունն ընթանում է, և Տարածքային կառավարման նախարարի հանձնարարականով Մեղրի համայնքը դիմել է, որպեսզի առոչինչ ճանաչվի աճուրդը, և հողերը՝ 7 և 25 հեկտար, համայնքին վերադարձվեն: Բացի նշածս հողի հեկտարից, համայնքն ունի 70 հեկտար ազատ հող, որը պատրաստ է տրամադրել Ազատ տնտեսական գոտու կայացման համար»,- նշեց Մխիթար Զաքարյանը:
Նրա խոսքով՝ այս հողերի տրամադրումով համայնքը ցանկություն է հայտնում ազատ առևտրի գոտում 5-10 տոկոս բաժնեմաս ունենալ: Չնայած սա պարտադիր պայման չէ, սակայն ուղերձ ու խնդրանք է ազգաբնակչության կողմից:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ ազատ առևտրի գոտին շատ ծանր գործընթաց է, և բազմաթիվ նյուանսներ կան այնտեղ կայանալու համար: Այնտեղի հետ կապված խնդիրները, որոնք ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարը, բոլորն էլ ինձ համար ընդունելի են, բայց կարծում եմ՝ ազատ առևտրի գոտու կայացման ճանապարհին ամենթանկ բանը ժամանակն է: Եթե նույնիսկ այսօրվանից սկսենք օպերատիվ աշխատել, ապա 5-7 տարի է անհրաժեշտ այնտեղից շահույթ ունենալու համար»,- եզրափակեց Մեղրիի ղեկավարը:
Զվարթ Խաչատրյան