Բաժիններ՝

«Մենք այս ամենին պետք է ռիսկով քաղաքական գնահատական տանք». Միքայել Մելքումյանը՝ Մեղրու ազատ առևտրի գոտու մասին

Այսօր խորհրդարանում ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հետագա գործարկման հնարավորությունները քննարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն անդրադառնալով գոտու հողերի հետ կապված խնդիրներին՝ հույս հայտնեց, որ այդ խնդիրներն ի վերջո կստանան իրենց հանգուցալուծումը, և դատարանները պետք է կայացնեն անկախ որոշում, ինչը կասկածից վեր պետք է լինի:

«Նախորդ իշխանությունների օրոք մենք ասում էինք, թե չեն սպասարկում հանրային, բիզնես շահը: Բա լավ, եթե այդ դատարանը տարիներով որոշում կայացնի, ապա բիզնես շահն ինչպե՞ս է սպասարկելու: Մենք պետք է հասնենք նրան, որ միջավայրն այնպիսին լինի, որ դատարաններն էլ ազատ ու անկաշկանդ որոշումներ կայացնեն ի նպաստ պետության,  բիզնեսի և հանրային շահի: Մենք այս ամենին պետք է ռիսկով քաղաքական գնահատական տանք, եթե եղել է սխալ՝ այստեղ ազատ տնտեսական գոտի ձևավորելը, ապա դա էլ մենք պետք է ասենք, պետք է համակողմանի  ու լուրջ քննարկումներ լինեն: Մենք չենք կարող հիբրիդային ու սողացող ձևով թողնենք այդ գոտին այդպես մնա, հետո դրա մասին մոռանան: Մենք պետք է ճիշտ ժամանակին կտրուկ որոշումներ կայացնենք, քանի որ այդ գոտու քաղաքական նշանակությունն անգնահատելի է»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Նա նաև ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած տեղեկատվությունը, որ ազատ գոտու հողերի հետ կապված քրեական գործն արդեն գտնվում է դատական վարույթում, և այս գործընթացում շատ մեծ է լինելու Մեղրու համայնքի ղեկավարի դերը, որը պետք է չեղյալ հայտարարի ապօրինի հողի աճուրդները:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս