Ավտոներկրողները կկարողանան հին կարգով վաճառել իրենց մեքենաները մինչև հուլիսի 1-ը. Կառավարության որոշում
Երեկ երեկոյան հրապարակվել է Կառավարության՝ ավտովաճառքի կարգի փոփոխությունը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու մասին որոշումը:
Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում քննարկվում էր 2010թ. սեպտեմբերի 9-ի N1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը: Այն ընդունվել էր, սակայն որոշակի փոփոխություններով: Որոշման այն հատվածը, որը վերաբերում է օտարեկրացիների մեքենա գնելու կարգի փոփոխությանը, ըստ Կառավարության որոշման, ուժի մեջ կմտնի 2020-ի հուլիսի 1-ից:
Ըստ փոփոխության օտարերկրացիներին Հայաստանից մեքենա գնելու համար անհրաժեշտ է լինելու Հայաստանում նրա օրինական բնակությունը հաստատող՝ մշտական կացության կամ ժամանակավոր կացության քարտ, կամ ՀՀ հատուկ անձնագիր:
Երկու օր առաջ ավտոներկրողները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ նշելով, որ իրենցից մեքենա գնողների 90 տոկոսը ղազախ են կամ ռուս: Եթե որոշումն ուժի մեջ մտնի, իրենց գնած բոլոր մեքենաները կմնան Հայաստանում՝ չհաշված այն մեքենաները, որոնք արդեն գնված են, բայց դեռ Հայաստան չեն հասել:
Նրանց հետ զրուցելու իջավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով նրանց վստահեցրեց, որ այդ մասով խնդիր չի լինի՝ հին կարգով կարող են մեքենաները վաճառել, մինչև հուլիսի 1-ը:
Նույն օրը մեզ հետ զրույցում Ն. Սարգսյանն ասել էր, որ որոշումը դեռ չի հրապարակվել, սակայն այն կայացված է:
«Նախարարական կոմիտեի քննարկման ժամանակ հասկացել ենք, որ խնդիր կա: Հասկացանք, որ հարցը բազմակողմանի քննարկված չէ և դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծելու ավտոներկրողների համար, որովհետև չեն կարողանալու արտասահմանցիներին ավտոմեքենա վաճառել: Ներկայացրել ենք վարչապետին, նա էլ որոշում է կայացրել, որ մինչև հուլիսի 1-ը հետաձգենք խոչընդոտը: Որոշումը դեռ հրապարակված չէ, ուղղակի ես վարորդներին ասացի, որ իմանան՝ այդ մասով խնդիր չկա»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ