«Երրորդ լուծարքի պատճառով ԵՊՀ-ից դուրս է մնացել ավելի քան 200 ուսանող». ԵՊՀ մամուլի խոսնակ
ԵՊՀ-ից դուրս է մնացել ավելի քան 200 ուսանող: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ ուսանողները Մայր բուհի դիմաց բողոքի ակցիա էին անում՝ ի պաշտպանություն իրենց այն ընկերների, ովքեր, նրանց խոսքով, համալսարանից դուրս են մնացել, քանի որ տեղեկացված չեն եղել, որ երրորդ լուծարքի հնարավորություն չեն ունենալու:
Գևորգ Էմին-Տերյանի խոսքով՝ օրենքը գործում է 2013 թվականից, և սա առաջին դեպքը չէ, որ ուսանողները նման ակցիա են անում:
«Ես ԵՊՀ-ում աշխատում եմ 2018-ի մարտից, սա չորրորդ կիսամյակն է, և ես 4 անգամ տեսել եմ նույն պատմությունը: Մինչ այս՝ Լևոն Մկրտչյանը թույլ չի տվել երրորդ լուծարք, երկու անգամ էլ Արայիկ Հարությունյանը թույլ չի տվել, բայց օրենքի ընդունումից մինչ օրս մի քանի անգամ երրորդ լուծարք թույլ է տրվել նախարարի որոշմամբ»:
Մեր դիտարկմանը, թե ուսանողները պնդում էին, որ մինչև այս նման խնդիր չի եղել, ուսանողները կարողացել են երրորդ լուծարք հանձնել՝ վճարելով ֆիքսված գումար, Գևորգ Էմին-Տերյանը պնդում է, որ նման բան չի եղել:
«Երրորդ լուծարք կարող է թույլ տալ միայն ԿԳՄՍ նախարարը: Նման որոշում նախարարը կայացնում է ուսանողների դիմումով»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ