«Հանրությունը դա ընկալում է՝ որպես սատանիստական քարոզչություն». Ռուբեն Բաբայանը՝ թատրոնում լեհական «Vader» ռոք խմբի համերգի արգելման մասին
Լեհական «Vader» ռոք խմբի համերգը Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում չի կայանա: Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը 168.am-ի հետ զրույցում խոսելով պատճառի մասին՝ ասաց.
«Պատճառն այն է եղել, որ հանրությունը դա ընկալում է՝ որպես սատանիստական քարոզչություն, իսկ թատրոնում որևէ քարոզչություն՝ լինի կուսակցական, կրոնական, այս տարիների ընթացքում ես չեմ թույլատրել: Կարծում եմ՝ այստեղ ավելի շատ երևի պետք է դեր խաղար նախապատրաստական աշխատանքը, որովհետև տարբեր կարծիքներ կան, որ դա զուտ ատրիբուտիկա է, սատանիզմի քարոզչություն չէ: Դժվարանում եմ այստեղ պատասխան տալ, որովհետև դրա մասնագետը չեմ: Այսինքն՝ հանրության որոշակի մասի արձագանքից ելնելով՝ չեղարկել ենք, տեսել եմ նաև խմբի ղեկավարի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ այդպիսին է, չնայած հետո տալիս է պարզաբանումներ, թե ի՞նչ նկատի ունի:
Բոլոր դեպքերում, մենք շարունակում ենք աշխարհը սև-սպիտակ ընդունել, և ես չեմ կարող դրա հետ հաշվի չնստել: Եթե չեմ սխալվում՝ սա միջազգային տուրնիր է եղել, քանի որ խումբը հայտնի է, մոտ 30 տարվա փորձառություն ունի: Որքանով տեղյակ եմ՝ երեկ համերգ են ունեցել Կիևում, այսօր՝ Քիշնևում, և վաղը պետք է ժամանեին Երևան: Կոնկրետ մեր թատրոնում է դա չեղարկվել, այլ տեղում կլինի դա, թե չի լինի, արդեն տեղյակ չեմ: Ես ծանր մետալի սիրահար չեմ, դրա համար նույնիսկ տեղյակ չեմ եղել խմբի մասին»:
Ինչ վերաբերում է պայմանավորվածության խախտմանը՝ Ռուբեն Բաբայանը նշեց. «Քանի որ պայմանավորվածությունն ինձ հետ չէր, ես պարզապես դահլիճ էի տրամադրում, ինչպես բոլոր մնացած ռոք համերգներին: Գիտեք, որ ռոք համերգները հիմնականում մեր թատրոնում են անցկացվում, և արդեն մոտ 20 տարի այն ունի իր նշանակությունը, և, եթե չտրամադրեինք դահլիճ, ռոքը Հայաստանում ընդհանրապես կմահանար, որովհետև, ինչքան ես գիտեմ, բացի բացօթյա տեղերից՝ ռոք համերգներ Հայաստանում տեղի չեն ունենում: Ես խմբի հետ կապի մեջ չեմ եղել, բայց առաջին դեպքը չէ, որ Zhesht Events-ը ռոք համերգ է կազմակերպում: Երբեք նմանատիպ որևէ աղմուկ չի եղել»:
Հավելենք, որ համերգի կազմակերպիչ Zhesht Events-ը Տիկնիկային թատրոնում համերգի չեղարկման մասին հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ մասնավորապես շեշտելով. «Ցավով պետք է հայտնենք, որ որոշ ագրեսիվ տրամադրված մարդկանց տարածած ապատեղեկատվության ու սպառնալիքների պատճառով Տիկնիկային թատրոնը չի կարողանա հյուրընկալել մետալի աշխարհահռչակ պիոներ Vader խմբին իր դահլիճում։
Zhesht Events-ն արդեն 10 տարուց ավելի՝ շատ սուղ միջոցներով և միմիայն էնտուզիազմի հաշվին հայ հանրությանն է ներկայացնում երաժշտական ալտերնատիվ ու ժամանակակից ոճեր՝ 100-ավոր երիտասարդների համար ստեղծելով այլընտրանք արևելյան կլկլոցներին ու հիմնականում լճացած փոփ երաժշտությանը։ Այս 11 տարիների ընթացքում մենք կարողացել ենք Հայաստան բերել տասնյակ աշխարհահռչակ ռոք և մետալ խմբերի, որոնցից մեկն է նաև Vader-ը, որը Հայաստան կայցելի իր մեծ համաշխարհային շրջագայության շրջանակներում։
Խումբը, ստեղծվելով 1983 թվականին, վերցրել է իր անունը շատերին հայտնի «Աստղային պատերազմներ» ֆիլմի գլխավոր կերպարներից մեկից։ Երգերի թեմատիկան հիմնականում պտտվում է 2-րդ համաշխարհային պատերազմի, սարսափ ֆիլմերի և հանրահայտ գրող Հովարդ Լավքրաֆթի ստեղծագործությունների շուրջ։ Այո, խումբը երբեմն իր ելույթներում օգտագործում է հակակրոնական ատրիբուտներ:
Մեջբերելով խմբի ֆրոնթմենին՝ «Սատանիզմը մեզ համար զուտ ըմբոստության սիմվոլիզմ է և չի խորհրդանշում սեր չարիքի նկատմամբ։ Մենք օգտագործում ենք այդ սիմվոլիկան, որպեսզի մեր ըմբոստությունն արտահայտենք ընդդեմ այն ամեն վատի, ինչը կատարվում է աշխարհում՝ քաղաքական որոշումների, դաժանություն, պատերազմներ և այլն»։ Ահա սա նկատի ուներ նա իր արդեն հայտնի դարձած հարցազրույցում։
Ռոք երաժշտությունը, իր մեջ գրեթե միշտ կրելով ըմբոստ ոգի, հաճախ է պարսավանքի արժանացել. սկսած Beatles-ի ժամանակներից և, ցավոք, շարունակվում է մինչ այսօր։ Մետալ երաժշտական ոճի հիմնադիր համարվող Black Sabbath խմբի անդամները ծագման օրվանից բազմաթիվ մեղադրանքների ու քարկոծումների են ենթարկվել, և, այդուհանդերձ, անգնահատելի է այն մարդասիրական աջակցությունը, որը խմբի կիթարահար Թոնի Այոմին ցուցաբերեց երկրաշարժի օրերին՝ իր արվեստն օգտագործելով հօգուտ երկրաշարժից տուժած ընտանիքների, որի համար արժանացել է ՀՀ նախագահի պատվո շքանշանի։ Նույն անձանց կողմից ներկայումս պարսավանքի է արժանանում նույնիսկ ցեղասպանության միջազգային ճանաչման համար տարիներով պայքարող System of a Down խումբը։
Ինչ վերաբերում է Տիկնիկային թատրոնին՝ այն տարիներ շարունակ եղել է հայ ռոք և մետալ հանրության սիրելի վայրը և կազմակերպիչների համար հանդիսացել է հարմար վարձակալության տարբերակ՝ շնորհիվ գեղեցիկ բեմի և ձայնային ու լուսային տեխնիկայի հագեցվածության։ Սա էր թատրոնը համերգի անցկացման վայր ընտրելու միակ պատճառը, այլ ոչ թե այն, որ (մեջբերում ենք) «այդ շենքը լեցուն է մանուկների Աստվածային էներգիայով»։
Ի դեպ, հաշվի առեք, որ սա փակ համերգ է՝ նախատեսված միայն ոճի՝ 18 տարեկանը բոլորած սիրահարների համար։ Ամեն դեպքում մենք չափազանց շնորհակալ ենք Տիկնիկային թատրոնին այսքան տարվա աջակցության համար։
Հայաստանը աշխարհիկ պետություն է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն լսելու այն երաժշտությունը, որը ցանկանում են։ Հայաստանում պետք է ստեղծագործեն ամենատարբեր ժանրերի երաժշտական խմբեր և արտիստներ՝ ունենալով ստեղծագործելու ազատություն՝ առանց գրաքննված լինելու վախի։
Նման նախադեպերը մեծ խնդիրներ են առաջացնում կազմակերպիչների համար և Հայաստանի նկատմամբ վատ նախատրամադրվածություն առաջացնում արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների մոտ։
Բոլորին խնդրում ենք սատար կանգնել Հայաստանում այլընտրանքային երաժշտության զարգացմանը, հորդորում ենք լսել այն, ինչ կցանկանաք, լինի դա ռոք, մեթալ, թեքնո թե որևէ այլ ժանր, և լինել հանդուրժող ուրիշների նախընտրությունների նկատմամբ։
Vader live in Yerevan համերգը կայանալու է ամեն գնով։ Նոր տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրենք շուտով»:
Անի Կարապետյան