Ինչ նպատակով են անցկացվում 40-օրյա զինվարժանքներ. Փաշինյանը պարզաբանում է

Պաշտպանության նախարարությունը Կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք այս վարժանքները կարելի՞ է համարել ընթացիկ վարժանքների շարունակություն։

Ի պատասխան Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս 40-օրյա զորավարժանքները կապ չունեն ընթացիկ զորավարժանքների հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ կարիք կա հանրությանը տեղեկացնելու, որ սրանք պլանային վարժանքներ են։

«Ես ուզում եմ երկու բառով ներկայացնել մեր հանրությանը, որ սրանք պլանային իրադարձություններ են։ Մենք ասել ենք, որ այն զորավարժությունները, որոնք իրականացվում են, ինչպես նաև բազմաթիվ այլ ծրագրեր, աննախադեպ ծավալների են, սակայն դա կապված չէ արտաքին կոնյուկտուրայի փոփոխության հետ. դա կապված է որոշակի գործելաոճի և աշխատանքի ծավալների փոփոխության հետ։  Այն իրավիճակը, որը գիտենք բոլորս, չի փոխվել, և սա մեր հանրությունը պետք է շատ հստակ իմանա»,- ասաց Փաշինյանը։

Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ նման վարժանքները նախկինում անցակացվում էին Պաշտպանության նախարարի հրամանով և նախարարի այդ որոշումները հրապարակային չէին, սակայն այժմ, Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված, դրանք իրականացվում են վարչապետի հրամանով և հրապարակային են։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ հրապարակայնությունից պետք է ոչ թե անհանգստանալ, այլ չանհանգստանալ, սակայն շեշտեց, որ զորավարժությունների նման մասշտաբ մենք մեր երկրում երբևէ չենք ունեցել։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս