««Սանիթեքը» դիմելու է արբիտրաժ». «Սանիթեք» ընկերության խոսնակ
Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը»,- նշել էր նա:
168.am-ի հետ զրույցում «Սանիթեք» ըկերության մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը հաստատեց փոխանցման մասին տեղեկությունը՝ մասնավորապես նշելով.
«Այո, «Սանիթեք» ընկերությանը քաղաքապետարանի կողմից, Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչների անմիջական միջամտությամբ, փոխանցվել է շուրջ 160 միլիոն դրամ: Երեկ արդեն մեկնարկել է օգոստոս ամսվա աշխատավարձների տրամադրման գործընթացը, որն այսօր կավարտվի: Արդյունքում բոլոր 930 աշխատակիցները կստանան իրենց օգոստոս ամսվա աշխատավարձը: Որոշակի պահում բնականաբար արել են, բայց այսքանով ֆինանսական պարտավորությունները վերջանում են՝ հաշվի առնելով, որ ս.թ. օգոստոսի 29-ից ընկերությունը ծառայություններ չի մատուցում»:
Ք. Առաքելայնը նաև տեղեկացրեց, որ ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան:
«Եվ, այո, Սանիթեքը» դիմելու է արբիտրաժ»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Ի դեպ, քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երևանցիներին ուղղված տեսաուղերձում անդրադարձել է «Սանիթեքի»-ն և հայտնել, որ ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը: Ըստ նրա՝ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում և թերացումներն ահագնացել են 2018 թվականի ընթացքում, շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը:
Նա մասնավորապես նշել է. «Ելնելով վերը նշվածից, հաշվի առնելով աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը, աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անբավարար են դարձնում պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը սահմանված ժամկետներով, 2019 թվականի օգոստոսի 29-ից ծառայությունների ի սպառ դադարեցման փաստը, ապահովագրության պայմանագրերի բացակայությունը, գնումների մասին օրենքով մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցների որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ, հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերը»:
Զարուհի Դիլանյան