Բաժիններ՝

Հայկ Մարությանն ամբողջությամբ խզել է «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը: Այս մասին Հայկ Մարությանը հայտնել է երևանցիներին ուղղված տեսաուղերձում: Նա նշել է, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Նրա խոսքով՝ թերացումներն ահագնացել են 2018 թվականի ընթացքում և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը: Հայկ Մարությանը նշեց, որ վերը նշվածը ստիպեց ուսումնասիրել, պարզելու, թե արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքած պայմանագրերի բոլոր կետերը,  և ընդհանրապես ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը: Այս հանգամանքները պարզելու համար 2019 թվականի հունիսից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը: Այն ավարտվել է օրեր առաջ և այսօր առկա է ամբողջական պատկերը:

«Ելնելով վերը նշվածից, հաշվի առնելով աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը, աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անբավարար են դարձնում պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը սահմանված ժամկետներով, 2019 թվականի օգոստոսի 29-ից ծառայությունների ի սպառ դադարեցման փաստը, ապահովագրության պայմանագրերի բացակայությունը, գնումների մասին օրենքով մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցների որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ, հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերը»,-նշել է Երևանի քաղաքապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս