Վարդան Ղուկասյանն աղոթում է Ռոբերտ Քոչարյանի ազատության և բոլորի համար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի խոսքով, եթե ԲՀԿ-ն հայտնել է, որ չի մասնակցելու ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քվեարկությանը, ապա խմբակցության բոլոր պատգամավորները դրան կողմնակից են:

Անդրադառնալով իր այն տեսակետին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և դրա հետ կապված՝ իր և Ծառուկյանի միջև եղած տարաձայնություններին, Վարդան Ղուկասյանը նշեց, որ այդ հարցին արդեն մի քանի անգամ պատասխանել է, ուստի այլևս կարիք չի տեսնում, որ ամեն վայրկյան անդրադառնան հարցին:

«Ես և իմ խմբակցությունը կարծիք հայտնել է, մենք միասին ենք, տարբեր կարծիքներ չունենք: Իմ կարծիքը, որ ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին հարգում եմ, հիմա էլ անփոփոխ է, մենք 10 տարի միասին աշխատել ենք: Ինչ վերաբերում է իրավական հարթությունում, թե հետագայում ինչ կլինի, կապրենք՝ կտեսնենք, Աստված ցույց կտա»,- շեշտեց նա:

Լրագրողի հարցին՝ աղոթո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար, Վարդան Ղուկասյանը պատասխանեց՝ եթե ծիծաղով է հարցը տալիս, ապա աղոթքի վերաբերյալ հարցն այդպես չեն տալիս:

Կարդացեք նաև

«Ընդհանրապես ես քեզ համար էլ եմ աղոթում, Աստված շեն ու շնորհք տա բոլորին, հայոց երկրին էլ խաղաղություն լինի: Հետո՝ հավատքը ծիծաղի առարկա մի սարքեք»,- դիմելով լրագրողին՝ նշեց պատգամավորը:

Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների հետ կապված էլ նա նշեց, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ, բոլորի նման, այդ ամենին կողքից է նայում:

Անդրադառնալով ԱԺ նիստերից իր բացակայություններին՝ նա նշեց, որ դրանք հարգելի են եղել:

«Հավանաբար Հայաստանում չկա որևէ մեկը, որ իմ չափ իր մարմնի մեջ ունենա փամփուշտներ, հիմա իմ մարմնի մեջ 5  հատ փամփուշտ կա և 200-ից ավելի ասկոլկաներ: Ամեն ինչ հեռուստատեսությամբ չպետք է ասեմ»,- նշեց Վ. Ղուկասյանը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս