Բաժիններ՝

«Բոյկոտում եմ Գրքի երևանյան փառատոնը». Մանուկ Նիգոյանը ֆլեշմոբ է նախաձեռնել

«Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսել՝ «#Բոյկոտում_եմ_Գրքի_երևանյան_փառատոնը
#Դեմ_եմ_անօրինականությանը» հեշթեգով: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԿԳՄՍ նախարարությունը, առանց պատշաճ մրցույց հայտարարելու, դրամաշնորհ է տրամադրել իր աշխատակցի ՀԿ-ին ՝ Գրքի երևանյան փառատոնի կազմակերպման համար, և պահանջում էր անհապաղ չեղյալ հայտարարել 2019թ. վերջին եռամսյակի համար հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցույթի արդյունքները և ծառայողական վարույթ իրականացնել Հասմիկ Խեչիկյանի (նրան է պատկանում այն ՀԿ-ն, որը պետք է կազմակերպի Գրքի երևանյան փառատոնը), ոլորտը համակարգող Նարինե Թուխիկյանի և այս գործընթացին մասնակցած բոլոր պաշտոնյանիների նկատմամբ:

Մ. Նիգոյանն իր գրառման մեջ մասնավորապես նշել է. «Սիրելի՛ գրողներ, թարգմանիչներ, գրականագետներ, հրատարակիչներ, գրավաճառներ, գրական գործակալներ, ընթերցողներ և գրքի ու գրականության հետ այս կամ այն կերպ առնչվող ՀՀ հարգելի քաղաքացիներ.

Որոշ մարդիկ իրենց հանցավոր պահվածքով ի չիք են դարձնում ՀՀ-ում գրքի ու գրականության տարածման գործում տարիներ շարունակ ձեր թափած ջանքերը և կատարած հսկայական աշխատանքը: Նրանք, օգտվելով պետական իշխանության համակարգում իրենց վստահված դիրքից և չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, տիրապետելով այնպիսի տեղեկատվության, որը հասանելի չի եղել ՀՀ մյուս քաղաքացիներին, դրամաշնորհային մրցույթով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են 14 մլն դրամ՝ ՀՀ Մշակույթի նախարարության կողմից հիմնադրված «Գրքի երևանյան փառատոնի» կազմակերպման համար, մինչդեռ այդ գումարը ենթակա էր տրամադրման միայն «Գրքի երևանյան փառատոնի» կազմակերպման մասին նախապես հայտարարված մրցույթով:

Մասնակցելով «Գրքի երևանյան փառատոնին», դուք ակամա օրինականացնում եք կոռուպցիոն ռիսկեր պարունակող այդ գործընթացը և նսեմացնում այդ աշխատանքն ու ներդրումները, որոնք ձեր կողմից տարիներ շարունակ կատարվել են այդ ոլորտում:
Կոչ ենք անում բոյկոտել «Գրքի երևանյան փառատոնը»՝ այդ կերպ նպաստելով Հայաստանում օրինականության հաստատմանը, ամրապնդմանը և արժեքների իրական հեղափոխության կայացմանը:

Եթե միանում ես բոյկոտին տարածի՛ր հայտարարությունը հետևյալ հեշթեգով`
#Բոյկոտում_եմ_Գրքի_երևանյան_փառատոնը
#Դեմ_եմ_անօրինականությանը»:

Բոյկոտին միացել են գրողներ Հովիկ Աֆյանը, Անուշ Արծրունին, Արթուր Հայրապետյանը, «Գրանիշ գրական համայնք»-ի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը,  «Անտարես» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Արքեմենիկ Նիկողոսյանը, նույն հոլդինգի գրաֆիկ դիզայներ Վիտալի Ասրիևը և այլք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս