Բաժիններ՝

18 պատմություն Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որոնք կփոխեն ձեր կարծիքը

Ռոնալդուն լավն է ոչ միայն ֆուտբոլի դաշտում, այլև սովորական կյանքում:
Օրեր հանրահայտ The Sun տաբլոիտը նյութ հրապարակեց Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որում հավաքված էին 18 զարմանալի պատմություն: Դրանք ցույց են տալիս, որ պորտուգալացին սպորտային աշխարհում ամենամեծ և բարի սրտերից մեկն է:

1. Ռոնալդուի «Ոսկե խաղակոշիկը»

2011 թվականին Կրիշտիանուն Մադրիդի «Ռեալի» համար 40 գոլ խփեց, որից հետո արժանիորեն պարգևատրվեց «Ոսկե խաղակոշիկով»: Հերթական մրցանակով իր սենյակը զարդարելու փոխարեն, Ռոնալդուն որոշեց այն վաճառել աճուրդով, իսկ հասույթը փոխանցել բարեգործությանը: Պորտուգալացու ոսկե կոշիկը վաճառվել է անհավատալի 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգով, որը փոխանցվել է Գազայում նոր դպրոցներ կառուցելու համար:

2. Կրիշտիանուի «Ոսկե գնդակը»

Ռոնալդուն կրկնեց նմանատիպ հնարք «Ոսկե գնդակի» հետ, որը նա ստացավ 2013 թվականին՝ այն աճուրդի դնելով Լոնդոնում:

600 հազար եվրո հասույթը նվիրաբերվել է «Պահիր երազանք» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է անբուժելի և կյանքի համար վտանգավոր հիվանդություններ ունեցող երեխաների երազանքները:

3. Բարեգործական կազմակերպության դեսպան

Կրիշտիանու Ռոնալդուն դեսպան է երեք բարեգործական կազմակերպություններում՝ Save the Children, UNICEF և World Vision: Պորտուգալացին ակտիվ մասնակցություն է ունենում այդ կազմակերպությունների ակցիաներում:

Այսպիսով, անցյալ տարի Ռոնալդուն դիմեց սիրիական հակամարտությունից տուժած երեխաներին՝ նրանց անվանելով «իսկական հերոսներ» և ասելով՝ ես ձեզ հետ եմ:
Բացի այդ, Պորտուգալիայի հավաքականի ավագը գաղտնի նվիրատվություն կատարեց Save the Children-ին և խնդրեց չբացահայտել դա:

4. Բարեգործության է տվել բոնուսները

2013 թվականին Ռոնալդուն դարձավ ՈւԵՖԱ-ի Տարվա թիմի մաս և ստացավ 100 հազար եվրո բոնուս: Իհարկե, Կրիշտիանուն հրաժարվեց այդ գումարից և այն նվիրաբերեց Կարմիր խաչին:

2014 թվականին պորտուգալացին օգնեց «Ռեալին» հաղթել Չեմպիոնների լիգայում, որի համար նրանք «սերուցքայինների» ղեկավարությունից ստացան պարգևավճար՝ 450 հազար ֆունտ: Ռոնալդուն այդ միջոցները նվիրաբերեց բարեգործական կազմակերպություններին, ինչպիսիք են Save the Children-ը, UNICEF-ը և World Visionժ-ը:

5. Դոնորություն

Բոլորին հայտնի է, որ Ռոնալդուն շատ ուշադիր հետևում է իր արտաքինին: Զարմանալի կարող է թվալ, բայց Ռոնալդուն իր մարմնի վրա չունի ոչ մի դաջվածք: Սա բացատրվում է նրանով, որ Ռոնալդուն հաճախ է արյուն հանձնում հիվանդ երեխաների համար: Նա մասնակցում է սոցիալական բազմաթիվ ակցիաների, որտեղ մարդկանց հորդորում է մի քանի րոպե և մի քանի գրամ արյուն տրամադրել ուրիշներին օգնելու համար:

«Մենք բոլորս կարող ենք օգուտ ունենալ, երբ արյուն ենք նվիրաբերում: Մեկ արյան նվիրատվության շնորհիվ մինչև երեք մարդ կարող է բուժում ստանալ, հենց հիմա կա մեկը, ում կողքին կա արյուն»,-ասել է Ռոնալդուն:

6. Միլիարդ դոլար նվիրատվություն՝ Նեպալի երկրաշարժի զոհերին

2015 թվականին Ռոնալդուն որոշեց հսկայական գումար նվիրաբերել բարեգործական հիմնադրամին՝ Նեպալում ուժեղ երկրաշարժից հետո երեխաներին բնական աղետներից փրկելու համար: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, այդ ժամանակ Կրիշտիանուն նվիրել է ավելի քան 5 միլիոն եվրո:

7. Օգնություն օնկոլոգիական կենտրոնին

2007 թվականին Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, հաղթեց կրծքագեղձի քաղցկեղը: Դրանից հետո պորտուգալացին որոշեց շնորհակալություն հայտնել կլինիկայի այն բժիշկներին, որտեղ բուժվում էր նրա մայրը: Պորտուգալիայում օնկոլոգիական կենտրոնի զարգացման համար նվիրաբերեց մոտ 135 հազար ֆունտ:

8. Հոգատարություն մանկատան սաների նկատմամբ

«Ռեալի» լիբանանցի երկրպագու Հայդարը, ով ռմբակոծության հետևանքով կորցրել էր ծնողներին, հնարավորություն ունեցավ հանդիպել Ռոնալդուի հետ այն բանից հետո, երբ մի շարք լրագրողներ ֆլեշմոբ սկսեցին համացանցում: «Ռեալի» ղեկավարությունը իմացավ այդ մասին և պայմանավորեց, որ տղան հանդիպի Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

9. Օգնություն մահացու հիվանդ երկրպագուին

Պատահականորեն իմանալով 9-ամյա Նուհուզեթ Գիլենի պատմությունը, որին 2009 թվականին տրվել է սարսափելի ախտորոշում`քաղցկեղ, որը հնարավոր չէ բուժել, Կրիշտիանուն ուղարկեց իր վարորդին՝ տղայի ընտանիքը հյուրանոց բերելու համար, որը այդ ժամանակ գտնվում էր «Ռեալում»: Վերելակից դուրս գալով ֆուտբոլիստը պատանիների հետ կատակելով ասում էր՝ դու ոչինչ չե՞ս ուզում ասել:

Դրանից հետո Ռոնալդուն Նուհուզեթին հրավիրեց դիտել ֆուտբոլային հանդիպում Սանտիագո Բեռնաբեուում, նրան գոլ նվիրեց և խաղից հետո նրան տվեց իր շապիկը: Դեռահասի հոր հետ խոսելուց հետո Կրիշտիանուն պարզել է, որ հնարավոր է քիչ բան անել, չնայած նրան, որ ԱՄՆ-ում փորձարարական բուժում էր իրականացվում, որը ամբողջովին վճարվում էր ֆուտբոլիստի կողմից: Երբ Նուհուզետի վիճակը վատացավ, Ռոնալդուն առաջարկեց վճարել հարյուր հազարավոր արժողությամբ նրա բոլոր դեղերը և բուժել մասնավոր բժշկական կենտրոնում: Կրիշտիանուն օգնեց տղայի ընտանիքին մոտ մեկ տարի, մինչև որ նա մահացավ 2013 թվականի մարտին:

10. Կրիշտիանուն բարի է իր երկրպագուների նկատմամբ

Իհարկե, Կրիշտիանուն բավականին հաճախ հայտնվում է անհարմար իրավիճակներում, երբ երկրպագուները վազում են խաղադաշտ, որպեսզի գրկեն իրենց կուռքը և համատեղ լուսանկարվեն: Բայց Ռոնալդուն այն խաղացողներից չէ, որը խուսափում և անտեսում է իր երկրպագուներին:

Պորտուգալացին հաճախ երկրպագուներին փրկում է պահակախմբից, տալիս է իր շապիկը կամ նկարվում է: Ռոնալդուն նաև սիրում է զրուցել երկրպագուների հետ ֆուտբոլի խաղադաշտից դուրս՝ հաճախ կանգ առնելով իր շապիկը պահող ամբոխի մեջ և ինքնագրեր ստորագրելով:

11. Օգնություն 10 ասմական տղային

2014 թվականին տասը ամսական տղայի մայրը՝ Էրիկ Օրտիզ Քրուզը, խնդրել է Ռոնալդուին տալ իր խաղաշապիկը որդուն:

Այս պատմությունը լսելուց հետո Կրիշտիանուն վճարել է 55,000 ֆունտ՝ Էրիկի գլխուղեղի նախնական վիրահատության համար և խոստացել փակել բժշկական բոլոր ծախսերը: Պորտուգալացին օգնեց նաև տղայի համար լրացուցիչ միջոցներ հավաքել՝ իր ինքնագրով ֆուտբոլային համազգեստի աճուրդով: Էրիկը, ի վերջո, հաղթեց հիվանդությունը:

12. Երիտասարդ երկրպագուի կոտրված ձեռքը

Մեծ Բրիտանիայում նախախաղային հավաքի ժամանակ «Ռեալը» «Վիտալի» մարզադաշտում խաղաց «Բորնմութի» հետ: Ռոնալդուն դրվագներից մեկում կատարում էր ազատ հարվածը, բայց գնդակը թռավ դեպի տրիբունաները և հարվածեց տղային:
Պորտուգալացու հարվածն այնքան ուժեղ էր, որ 11-ամյա Չարլի Սիլվարդը կոտրեց բազուկը: «Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արագ արձագանքեց տեղի ունեցածին և զանգահարեց տղայի ընտանիքին, իսկ Ռոնալդուն երկրպագուին նվիրեց իր շապիկը:

Մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել Իսպանայի 2009/10 թվականների առաջնության՝ «Խետաֆեի» հետ հանդիպման ընթացքում Ռոնալդուն կոտրեց երկրպագուներից մեկի քիթը: Գնդակը դաշտից հեռացնելիս Ռոնալդուն պատահաբար հարվածեց առաջին շարքում կանգնած երկրպագուին: Հարվածի պահը ռեժիսորները ցուցադրում էին ավելի հաճախ, քան Ռոնալդուի 3 գոլերի կրկնապատկերները: Խաղի ավարտից հետո պորտուգալացին մոտեցավ տրիբունային և տուժած երկրպագուին նվիրեց իր շապիկը:

13. Նվեր լավագույն ընկերոջը

2015 թվականին Կրիշտիանուն պատրաստեց աներևակայելի թանկ հարսանեկան նվեր և իր ընկերոջ և գործակալ Խորխե Մենդեշի համար՝ ձեռք բերելով հունական կղզիներից մեկը: Ճշգրիտ գումարը, որը ծախսել է Ռոնալդուն, անհայտ է, սակայն, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, կղզին ֆուտբոլիստին արժեցրել է ավելի քան 45 միլիոն եվրո:

14. Հրավեր՝ Ֆերնանդո Ռիկսենի համար

2013 թվականին Ֆերնանդո Ռիկսենի մոտ ախտորոշվել է ամիոտրոֆիկ սկլերոզ, որը պայմանավորված է նյարդային հիվանդությամբ: Հոլանդացին շարժվում էր անվասայլակով և նա պետք է անցկացներ իր կյանքի մնացած մասը այդպես: «Զենիթի» նախկին կիսապաշտպանի ախտորոշումը հաստատվելուց հետո Ռոնալդուն կապ հաստատեց նրա հետ սոցցանցերում և հրավիրեց նրան մասնակցել «Բեռնաբեուում» կայանալիք «Ռեալի» հանդիպմանը: Ռիքսեն ուրախությամբ համաձայնվեց, իսկ Ռոնալդուն նրան շապիկ նվիրեց:

15. Լավագույն թիմակից

Չեմպիոնների լիգայի տասներորդ գավաթը նվաճելուց հետո «Ռեալի» ֆուտբոլիստները ստացան ոչ միայն դրամական պարգևներ ակումբի ղեկավարությունից, այլև ստացան արժեքավոր նվերներ Կրիշտիանու Ռոնալդուից: Մրցաշարի լավագույն խաղացողը որոշեց թիմակիցներին պարգևատրել Bullari շքեղ ապրանքանիշի ժամացույցներ՝ անձնական փորագրմամբ և յուրաքանչյուրի համար ավելի քան 5 հազար եվրո արժողությամբ:

16. Հոգատարություն ավագ եղբոր նկատմամբ

Ռոնալդուի հայրը՝ Դենիսը, ալկոհոլիկ էր և երկար տարիներ պայքարում էր իր կախվածության դեմ, մինչև որ մահացավ 2005 թվականին: Կրիշտիանուի ավագ եղբայր Կրիշտիանու Ուգո Ավիրոն հետևեց նույն ճանապարհին՝ կախվածություն առաջացնելով ոչ միայն ալկոհոլային խմիչքների, այլև թմրանյութերի նկատմամբ:

Ռոնալդուն որոշեց օգնել եղբորը՝ խոստանալով նվիրել իր տասներորդ հաղթանակը Չեմպիոնների լիգայում, եթե նա հրաժարվի վատ սովորություններից: Ուգոն կատարեց եղբոր խնդրանքը, այնուհետև դուրս եկավ դաշտ և հաղթանակը կիսեց Կրիշտիանուի հետ:

17. Հսկայական թեյավճարներ

Կրիշտիանուն Հունաստանի հարավում գտնվող Կոստա Նավարինոյի շքեղ հանգստավայրի մեծ երկրպագու է: Պորտուգալացին իր ընտանիքի հետ անցկացնում է ամառային հանգիստը այնտեղ՝ արդեն երկու տարի:

2018 և 2019 թվականների մեկ շաբաթ այնտեղ մնալուց հետո Ռոնալդուն հսկայական թեյավճար է թողել անձնակազմին, որն իր ընտանիքին տրամադրել է անհրաժեշտ ամեն ինչ: Կրիշտիանուն հաշվից բացի վճարեց ավելի քան 20 հազար եվրո՝ դրանք բաժանելով տաս աշխատողների միջև:

18. Փնտրում է մարդկանց, ովքեր օգնել են իրեն

Վերջերս Ռոնալդուն անկեղծ հարցազրույց էր տվել, որտեղ պատմել էր իր մանկության ուշագրավ պատմություններից մեկի մասին: Կրիշտիանուն և իր ընկերները, գտնվելով «Սպորտինգի» ակադեմիայում, քիչ էին սնվում և գնում էին «Մաքդոնալդս», որտեղ երեկոյան Էդնա անունով մի կին նրան տալիս էր մնացած բուրգերները:

«Գիտեք, երբ ես 11 տարեկան էի, մենք փող չունեինք: Մենք ապրում էինք գիշերօթիկ դպրոցում: Ընտանիքս մնաց Մադեյրա քաղաքում, ուստի ես նրանց տեսնում էի երեք ամիսը մեկ: Շատ ծանր էր առանց ընտանիքի: Երեկոյան մենք իսկապես ուզում էինք ուտել, մենք գնում էին հարևան «Մաքդոնալդս» և թակում էինք հետևի դուռը: Էդնան և ևս երկու աղջիկ բուրգերները տալիս էին մեզ:

Փորձեցի գտնել նրանց, զրուցեցի մարդկանց հետ Պորտուգալիայում, բայց դա ինձ չհաջողվեց: Իսկ այդ «Մաքդոնալդսը» փակվել է: Հուսով եմ, որ հարցազրույցը կօգնի գտնել նրանց: Ես շատ ուրախ կլինեմ: Ցանկանում եմ նրանց հրավիրել Թուրին կամ Լիսաբոն՝ ճաշի: Ի պատասխան՝ ուզում եմ ինչ-որ բան անել նրանց համար: Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ նրանք արեցին ինձ համար, ես իսկապես գնահատում եմ դա: Դուք պատկերացում չունեք, թե որքան կարևոր է դա ինձ համար»,-պատմել է Ռոնալդուն:

Օրեր անց այդ կանանցից մեկը արձագանքել էր: Ավելի մանրամասն՝ 168.am-ի անդրադարձում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս