Գտնվել է այն կինը, որին երկար տարիներ փնտրում էր Ռոնալդուն
Կրիշտիանուն նրա որդու կուռքն է:
Կրիշտիանու Ռոնալդուն անկեղծ հարցազրույց է տվել բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին: Նա խոսել է «Արսենալ» չտեղափոխվելու, իր ընտանիքի և ապագայի նպատակների մասին:
Բայց գլխավոր պատմությունը մանկությունից է: Կրիշտիանուն և իր ընկերները, գտնվելով «Սպորտինգի» ակադեմիայում, քիչ էին սնվում և գնում էին «Մաքդոնալդս», որտեղ երեկոյան Էդնա անունով մի կին նրան տալիս էր մնացած բուրգերները:
«Գիտեք, երբ ես 11 տարեկան էի, մենք փող չունեինք: Մենք ապրում էինք գիշերօթիկ դպրոցում: Ընտանիքս մնաց Մադեյրա քաղաքում, ուստի ես նրանց տեսնում էի երեք ամիսը մեկ: Շատ ծանր էր առանց ընտանիքի: Երեկոյան մենք իսկապես ուզում էինք ուտել, մենք գնում էին հարևան «Մաքդոնալդս» և թակում էինք հետևի դուռը: Էդնան և ևս երկու աղջիկ բուրգերները տալիս էին մեզ:
Փորձեցի գտնել նրանց, զրուցեցի մարդկանց հետ Պորտուգալիայում, բայց դա ինձ չհաջողվեց: Իսկ այդ «Մաքդոնալդսը» փակվել է: Հուսով եմ, որ հարցազրույցը կօգնի գտնել նրանց: Ես շատ ուրախ կլինեմ: Ցանկանում եմ նրանց հրավիրել Թուրին կամ Լիսաբոն՝ ճաշի: Ի պատասխան՝ ուզում եմ ինչ-որ բան անել նրանց համար: Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ նրանք արեցին ինձ համար, ես իսկապես գնահատում եմ դա: Դուք պատկերացում չունեք, թե որքան կարևոր է դա ինձ համար»,-պատմել է Ռոնալդուն:
Այս հարցազրույցից հետո Պորտուգալիաում գտել են մի կնոջ, ով աշխատել է արագ սննդի կետում: Նրա անունն է Պաուլա Լեկա:
«Նրանք գալիս էին գրեթե ամեն օր: Եթե փակելուց հետո բուրգերներ մնում էին, մենեջերը թույլ էր տալիս դրանք տալ տղաներին: Նրանցից մեկը Կրիշտիանու Ռոնալդուն էր, թվում է, որ նա ամենից ամաչկոտն էր»,- պատմել է Պաուլա Լեկան:
Պաուլան այս պատմությունը ոչ ոքի չի պատմել, բացի ամենամոտ մարդկանցից: Որդին նրան չէր հավատում՝ ինչպե՞ս կարող էր մայրը կերակրել Ռոնալդուին:
«Նրա համար Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Դժվար է պատկերացնել, որ նա նույն երեխան էր: Բայց ամուսինս գիտեր այդ մասին. մենք այդ ժամանակ արդեն ամուսնացած էինք, և նա ինձ դիմավորում էր աշխատանքից և տեսավ տղաներին: Տղաները եկել են 23:00-ի սահմաններում, բայց ձևացրել են, որ իրենց ոչինչ պետք չէ: Եթե մեզ մոտ ինչ-որ բան մնում էր, մենեջերը ասում էր, որ դրանք տայինք նրանց: Ինչո՞ւ ես ոչ ոքի չեմ պատմել այս պատմությունը: Դա ես չէ, որ պետք է պատմեի»,- Պաուլան չի ցանկանում այս պատմությունը դարձնել ցուցադրական:
Լեկան ասում է, որ կորցրել է կապերը McDonald’s-ի մյուս աշխատակիցների հետ. ընկերությունը մեծ էր, սմարթֆոններ և սոցիալական ցանցեր չկային: Բայց կորպորացիան արդեն հայտարարություն է տարածել, որ փնտրելու է նրանց, ովքեր այդ ժամանակ աշխատել են ճաշարանում:
Պաուլան այժմ աշխատում է մեծ առևտրի կենտրոնում: Նա չի հրաժարվի Ռոնալդուի՝ ճաշելու առաջարկից:
«Եթե նա ինձ ռեստորան հրավիրի, ես հաստատ համաձայն կլինեմ: Նա չի հասկանում, որ այդ փոքրիկ ընթրիքը ավելին է, քան այն, ինչ մենք արեցինք նրա համար: Մենք պարզապես նրա հետ լավ վարվեցինք, և նա չմոռացավ այդ մասին, նույնիսկ երբ հասավ ամեն ինչի: Ես պարզապես բառեր չունեմ: Կրիշտիանուն բարության չեմպիոն է: Նա ուրախացնում է աշխարհի հազարավոր տղաներին, այդ թվում նաև իմ որդուն»,- ասել է Պաուլան:
Սիրարփի Աղաբաբյան