«Լա՛վ, էս մեկ տարին էլ անցավ, հետո ի՞նչ է լինելու». Արկադի Խաչատրյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը չի կիսում Կառավարության կողմից «Հայփոստը» մասնավորեցնելու այն փաստարկը, որ, եթե չմասնավորեցվի, հնարավոր է՝ մասնաճյուղերը փակվեն։

«Մասնաճյուղերը փակելու փաստարկը, կարծում եմ, կարելի էր լուծել մասնավորեցման պայմանագրով՝ պարզապես արգելելով դրանց փակումը. Այսինքն, դա լուծում ուներ։ Որն է Կառավարության հայեցակարգը «Հայփոստի» հետ կապված, և ինչ է սպասվում այդ կազմակերպությանն ապագայում»,- «Հայփոստի» մասնավորեցման վերաբերյալ նախագիծը խորհրդարանում ներկայացնող Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից հետաքրքրվեց Արկադի Խաչատրյանը։

Ի պատասխան՝ Բաբայանը նկատեց, որ առաջարկվելու է «Հայփոստը» հանձնել հավատարմագրային կառավարման։

Արկադի Խաչատրյանը նշեց, որ, եթե Կառավարությունն առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Հայփոստը», դա նշանակում է, որ շատ կտրուկ փոփոխություն է տեղի ունենում այս ընկերության հետագա ճակատագրի հետ կապված։

«Որքանով տեղյակ եմ՝ նախատեսվում է կոնցեսիոն պայմանագրի երկարաձգում ընդամենը մեկ տարով, իսկ որևէ մեկը մեկ տարվա  համար չի իրականացնի այն ծավալի ներդրումներ, որոնք անհրաժեշտ են կազմակերպությանը. Լա՛վ, էս մեկ տարին էլ անցավ, հետո ի՞նչ է լինելու»,- հարցեց Խաչատրյանը։

Ի պատասխան՝ Նարեկ Բաբայանը նշեց, որ բաժնետոմսերի զգալի փաթեթի պահպանումը պետությունը համարում է ռազմավարական խնդիր, իսկ այս մեկ տարին պետք է ընդամենը «Հայփոստը» հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթը կազմակերպելու համար։

Տեսանյութեր

Լրահոս