Կատալոնիայի անկախության կողմնակիցները հանրահավաքներ են անցկացնում հանրաքվեի տարեդարձի օրը
Կատալոնիայի անկախության կողմնակիցները հոկտեմբերի 1-ին սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել տարածաշրջանում անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձի կապակցությամբ, որն Իսպանիայի իշխանություններն անօրինական են համարում: Այդ մասին հայտնել է El Periodico թերթը:
Ըստ նրա տեղեկատվության, շուրջ 200 մարդ է հավաքվել Ժիրոնայում, թագավորության քաղաքացիական գվարդիայի շտաբի մոտ: Հանրահավաքի մասնակիցները ձվեր են նետում իրավապահների ուղղությամբ եւ շրջում են աղբարկղերը: Առայժմ բողոքի ակցիաների մասնակիցները ճանապարհներ չեն փակել Կատալոնիայում:
Օրվա ընթացքում ամբողջ տարածաշրջանում սպասվում են բազմաթիվ ցույցեր, ինչի կապակցությամբ ինքնավարությունում ուժեղացված է իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությունը: Տեղական ժամանակով ժամը 19-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) Բարսելոնայի կենտրոնում նախատեսված է խոշոր ցույց: Անցյալ տարի անկախության հանրաքվեին նվիրված հանրահավաքներն ավարտվել են անկարգություններով: Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը Twitter-ում գրել է, որ, իր կարծիքով, երկու տարի է լրանում «բռնությամբ արատավորված իսպանական պետության» կազմից դուրս գալու հարցի շուրջ քվեարկության անցկացման պահից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: