«Առաջին հայաստանյան նախագահը, որին ընդունեց Այաթոլա Ալի Խամենեին, եղել է Ռոբերտ Քոչարյանը». Սերգեյ Շաքարյանց

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը վստահ է, որ Արցախի հարցի լուծումը ոչ թե քաղաքական դաշտում է, այլ՝ իրավական:

«Բայց, ցավոք սրտի, մենք շարունակում ենք հետևել անպտղուղ, անիմաստ հայտարարությունների, որոնք ոչ մի շարժում չեն պարունակում, կարգավորման չեն տանում: Նման կարգի ելույթները կարող  են արդյունավետ լինել միայն այն ժամանակ, երբ ամենաբարձր ամբիոնից հնչի այն, ինչ հնչել է նախկինում. Որ ո՛չ  Արցախի Հանրապետությունը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում, ինչն արդեն նշանակում է՝  իրավական դաշտից խոսել»:

Թեմային անդրադառնալով՝ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ Երկրորդ և Երրորդ նախագահները գտել էին Արցախի համար անխոցելի բանաձևեր և մատուցել էին միջազգային հանրությանը.

«Առաջինի մասին չեմ ուզում ասել, որովհետև նա ասում էր՝ Ղարաբաղը հանձնեք:  Երկրորդ նախագահն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և, որ ԼՂ ճանաչումը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:

Նման մի բան՝ այլ մի կողմով, ասել է Սերժ Սարգսյանը՝ Երրորդ նախագահը՝ նշելով,  թե Հայաստանը բանակցություններում նստում է Լեռնային Ղարաբաղի փոխարեն՝ շեշտելով այն, որ Հայաստանը ծավալված կոնֆլիկտի կողմ չէ:

Երկու դեպքում էլ երկու նախագահները փորձում էին շրջանառության մեջ դնել  մեզ համար նպաստավոր բանաձևեր, և մյուս կողմից՝ այնպիսի, որոնք Հայաստանը չէին ներքաշում խնդիրների մեջ՝ որպես  հակամարտության անմիջական կողմ»:

Ըստ Ա. Մանասյանի՝ նոր իշխանությունների խնդիրն անխոցելի դրույթներ առաջադրելն է՝ բացառելով այնպիսի հայտարարությունները, որոնք խնդիրը տանում են նման դաշտ. «Պետք է առաջադրվեն այնպիսի մոտեցումներ, որպեսզի Հայաստանը չդառնա հակամարտության անմիջական կողմ՝ ինչի մասին երազում են Թուրքիան և Ադրբեջանը:

Իհարկե, կարելի է ականջահաճո հայտարարություններ անել, հետո նահանջել, ինչպես վարչապետն արեց՝  Ստեփանակերտում հայտարարելով, որ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ապա նաև մեկ այլ՝ ավելի բարձր ամբիոնից նշեց, որ որոշումները պետք է այնպիսին լինեն, որ ընդունելի լինեն և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար (ինչը նահանջ էր՝ առաջինի համեմատությամբ)»:

Լրագրողների դիտարկմանը, թե Ն. Փաշինյանը նշել է, որ ինքն առաջինն է, ով նման բան է ասում, Մանասյանն արձագանքեց՝ «Ինքն առաջինն է, որ այդպիսի անհաջող բան է ասում»:

Քաղաքագետները ևս մեկ անգամ նշեցին, որ տարածաշրջանը և, հատկապես, Լեռնային Ղարաբաղը, ըստ քաղաքագետների, գլոբալ ուժային կենտրոնների շահերի բախման կետում է, և պատահական չէ, որ նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է ունենալ ամուր դիրքեր տարածաշրջանում: Ըստ նրանց՝ վերջինով է պայմանավորված նաև Քոչարյանի գործի հանդեպ ուշադրությունը:

«Պուտինի համակրանքը Երկրորդ նախագահի նկատմամբ բացատրվում է այն քաղաքականությամբ, որը Ռոբերտ Քոչարյանը տարել է արցախյան խնդրում և հայ-ռուսական հարաբերություններում, և որպես ռազմավարական դաշնակից՝ Հայաստանի Հանրապետութան տնտեսական դիրքերի ամրապնդման հարցում»,- ասաց Ալ. Մանասյանը:

Քաղաքագետ Ս. Շաքարյանցը հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարման առաջին օրվանից աջակցություն է ստացել Պուտինից տարբեր հարցերում, և ինքն էլ որոշակի աջակցություն է ցուցաբերել ՌԴ նախագահին՝ «Ալռոսա» ընկերությանն առնչվող հարցերում:

Շաքարյանցը նկատեց, որ Քոչարյանին լավ են հիշում նաև հարևան Իրանում. «Առաջին հայաստանյան նախագահը, որին ընդունեց Այաթոլա Ալի Խամենեին, եղել է Ռոբերտ Քոչարյանը. հազվադեպ է, որ գերագույն հոգևոր իշխանությունն ընդունի, մատներով հաշված են նախագահները, ում ընդունել է Այաթոլա Ալի Խամենեին»:

Քաղաքագետը նշեց Իրանի հանգամանքը՝ նկատելով, որ Ռուսաստանի և Իրանի ներգրավմամբ համաշխարհային ներքաղաքական կառուցվածքը փոփոխության եզրին է, ու պետք է հաշվի առնել նման զարգացումները:

Անդրադառնալով Քոչարյանի գործին՝ նրանք նշեցին, որ միայն ՀՀ երկրորդ նախագահը չէ կալանավորված, այլև Արցախի առաջին նախագահը, ինչով ինչ-ինչ ուժեր գուցե փորձում են սեպ խրել Արցախի և Հայաստանի միջև, ինչն անթույլատրելի է:

Զարուհի Դիլանյան 

Տեսանյութեր

Լրահոս