
«Եթե Սերժ Սարգսյանը ցանկանար՝ հանրահավաքային լիներ հանդիպումը, ապա իր համար նույնպես մեր հյուպատոսությունը նման հավաք կկազմակերպեր». Զարուհի Փոստանջյան

ՀՀ վարչապետի ամերիկյան այցը, ըստ Զարուհի Փոստանջյանի, որակական առումով որևիցե փոփոխություն չի հարուցել մեր հանրային-քաղաքական կյանքում: Նա համոզված է, որ այն սովորական այց էր՝ առանց ձեռքբերումների, այն էլ հասարակության՝ հարկատուների հաշվին.
«Հսկայական գումար է ծախսվել, մինչդեռ կարելի էր շատ փոքրիկ գումարով գնալ, եթե անհրաժեշտություն կար նման այցի: Մենք չունենք ոչ մի ձեռքբերում այցից, որովհետև, ըստ էության, պաշտոնական հանդիպումներ ԱՄՆ-ում տեղի չեն ունեցել:
Հայ համայնքը, իհարկե, ունի կարոտ Հայաստանի նկատմամբ և, իհարկե, կընդուներ ցանկացածի. այդպես ընդունել են նաև Սերժ Սարգսյանին (էնպես չի, որ մեծ տարբերություն կա): Եթե Սերժ Սարգսյանը ցանկանար, որպեսզի հանրահավաքային լիներ հանդիպումը, ապա իր համար նույնպես մեր հյուպատոսությունը նման հավաք կկազմակերպեր»:
Ըստ նրա՝ այցի երևելիությունը կարելի էր գնահատել շոշափելի արդյունքներով. «Դրանք պետք է լինեն փաստաթղթերի տեսքով, պաշտոնական այնպիսի հանդիպումների տեսքով, որտեղ հնչում են հստակ քաղաքական ուղերձներ, որոնք սպասարկվում են նաև նյութապես, ինչի ականատեսը չեղանք»:
Զարուհի Դիլանյան