Արդյո՞ք վաղը Երևանում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպում. Մեկնաբանում է դեսպան Կոպիրկինը

«Ներկայումս մշակվում են ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման տեխնիկական մանրամասները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով վաղը Երևանում Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպմանը և ՌԴ նախագահի երևանյան օրակարգին:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակում, որ Պուտինի երևանյան այցի ընթացքում տեղի չի ունենալու Փաշինյան-Պուտին հանդիպում, կամ ՌԴ նախագահի այցը Հայաստան անցնելու է բավականին սառը մթնոլորտում, որը պայմանավորված է երկու երկրների ղեկավարությունների միջև առկա տարաձայնություններով, ինչը կողմերը պաշտոնապես հերքում են:

Սերգեյ Կոպիրկինն ասաց, որ ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցի երկկողմ օրակարգի մանրամասների մասին դեռ վաղ է խոսել: Բայց դեսպանն ասաց, որ տեղյակ է՝ մշակվում է  ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման հարցը ԵԱՏՄ շրջանակներում:

Մեր ճշտող հարցին՝ կլինի երկկողմ հանդիպում ԵԱՏՄ շրջանակո՞ւմ, թե՞ ՀՀ Կառավարությունում, դեսպանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ Կառավարությունում: Իմ տեղեկություններով, հանդիպում ծրագրվում է, ներկայումս մշակվում են այդ հանդիպման տեխնիկական մանրամասները, իսկ հանդիպման պայմանավորվածություն կա»:

Անդրադառնալով հրապարակումներին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում է գտնվելու միայն մի քանի ժամ, դեսպանն ասաց, որ ժամանման և այստեղ գտնվելու ծրագիրը ևս մշակման փուլում է, հիմնական խումբն աշխատում է, քննարկվում են այդ բոլոր հարցերը: «Ուստի այլ մեկնաբանություններից զերծ կմնամ»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս