
«Կձերբակալեն, թե ոչ, կախված է վրաց ժողովրդից… Ես բանտից չվախեցա Ուկրաինայում, առավել ևս չեմ վախենում իմ երկրում». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստանում է հայրենիք վերադառնալ առաջիկա ամիսներին՝ մինչեւ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին, ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը, Սահակաշվիլին հայտարարել է «Մթավարի արխի» հեռուստաալիքի եթերում։
«Առաջիկա ամիսներին ես պլանավորում է գալ Վրաստան: Այստեղ թաքցնելու բան չկա: Ուկրաինայում ես ինձ լավ եմ զգում, բայց մենք հայրենիքն ենք կորցնում»,-ասել է Սահակաշվիլին: «Ես չեմ կարող զբաղվել այլ գործերով այնքան ժամանակ, քանի դեռ չենք կանգնեցրել երկրի այս ավերումն ու քայքայումը»,-հավելել է նա:
Սահակաշվիլիի խոսքով, ինքը մտադիր է «վրաց ժողովրդի հետ միասին վերջ դնել» «Վրացական երազանք» կառավարող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կառավարմանը:
«Ես վրաց ժողովրդի հետ եմ: Եկեք քաղաքական գործիչներին մի կողմ դնենք: Ես քաղաքական գործիչ չեմ, ես արդի վրացական պետականության ստեղծողն եմ, ձեզնից, նրանցից մեկը, ում սիրտը ցավում է այն բանից, որ երկիրը փլուզվում է»,-հայտարարել է նա:
Նախկին նախագահը, որը հեռակա կարգով հայրենիքում դատապարտված է մի քանի քրեական գործերով, նաեւ խոսել է Վրաստան վերադառնալուց հետո իր հնարավոր ձերբակալման մասին:
«Կձերբակալեն, թե ոչ, կախված է վրաց ժողովրդից… Ես բանտից չվախեցա Ուկրաինայում, առավել եւս չեմ վախենում իմ երկրում… Նրանք այնքան թույլ են, որ դիմադրություն ցույց չեն տա վրաց ժողովրդին»,-ասել է Սահակաշվիլին:
Նախկին նախագահն իր վերադարձը համարում է «այն գործընթացների շարունակությունը, որոնք վրաց ժողովուրդն սկսեց նախագահական ընտրությունների ժամանակ», եւ որոնք շարունակվեցին Թբիլիսիում հունիսի 20-21-ի բողոքի ակցիաների ընթացքում:
«Ես չեմ կարող պարզապես նստել այստեղ եւ դիտել՝ ինչպես է կործանվում մեր երկիրը»,-ասել է նա: